28 Հոկ
2026
16° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Օր առաջ պատրաստ ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանն էլ ասում է՝ մինչև չփոխեք Սահմանադրությունը, չենք ստորագրի․ Միրզոյան

Օր առաջ պատրաստ ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանն էլ ասում է՝ մինչև չփոխեք Սահմանադրությունը, չենք ստորագրի․ Միրզոյան

Խաղաղությունը չի կարող հետաձգվել, որովհետև խաղաղությունն արդեն հաստատված է, եթե չեք նկատել, արդեն տևական ժամանակ։ Եթե կապեր ունեք մարդկանց հետ, որոնք սահմանամերձ շրջաններում են ապրում կամ որոնք ազգականներ ունեն, որոնք ծառայում են բանակում և այլն, մի հատ հարցրեք՝ այդ խաղաղությունը կա՞, և, ավելին ասեմ, այդ խաղաղությունը գործում է այն աստիճանի, որ առևտուր կա Հայաստանի և Ադրբեջանի միջև․ ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանի հարցին։

Միրզոյանը պնդեց, որ Ադրբեջանի տարածքով բեռներ են անցնում դեպի Հայաստան և Հայաստանից՝ Ադրբեջան։

«Խաղաղության պայմանագրի ստորագրման մասով էլ որևէ հետաձգում չկա։ Եթե նայեք Հայաստանի կառավարության՝ այս հարցի վերաբերյալ ասած բոլոր հնարավոր մտքերը, մենք ասել ենք, որ վայրկյան առաջ պատրաստ ենք սկսել խորհրդակցություններ՝ որոշելու ստորագրման տեղը»,-ասաց Միրզոյանը։

Նախարարը մեկնաբանեց Փաշինյանի հայտարարությունը, որ ինքը պարտավորվում է ստորագրել «Խաղաղության պայմանագիրը», մինչև իր կառավարման ժամկետի ավարտը։

«Վարչապետն ասել է՝ անձամբ իմ քաղաքական առաքելությունն է՝ մինչև մեր մանդատի ավարտը ստորագրել փաստաթուղթը։ Մեզ ընտրել է ժողովուրդը 5 տարով, հիշեք մեր կարգախոսը՝ տեր ենք կանգնելու խաղաղությանը։ Հիմա մենք ունենք հանձնառություն մեր մանդատի շրջանակում, այդ շրջափուլում ապահովել խաղաղության պայմանագրի ստորագրումը, բայց դա էլ բավարար չի եղել, մենք դրանից հետո նորից ենք հայտարարություններ արել և ասել, որ մենք օր առաջ պատրաստ ենք ստորագրել, դա կլինի 27 թիվը, դա կլինի հիմա՝ 26-ի վերջը»,– ասաց նախարարը։

Ըստ նրա՝ Ադրբեջանը պայմանագրի ստորագրումը կապում է «որոշակի իրադարձության» հետ․ «Ադրբեջանը բանակցային գործընթացում մեր առջև այս պահանջը կամ պայմանը չի դնում, ուղղակի, երբ մենք ասում ենք՝ դե եկեք ստորագրենք, իրենք ասում են՝ «Գիտեք, մինչև ձեր Սահմանադրությունը չփոխվի, չենք ստորագրի», ոչ թե ասում են՝ «պահանջում ենք, գնացեք ու փոխեք ձեր սահմանադրությունը», այլ ասում են՝ «չենք ստորագրում»։ Մենք էլ պետք է ամեն ինչ անենք, որ ստորագրենք, և սա քաղաքական օրակարգ է Հայաստանի Հանրապետությունում»։

«Երբ բանակցությունների ընթացքում մեկն ասում է՝ եթե սա չես անում, սա չեմ անի, դա կոչվում է նախապայման։ Ասում եք՝ նախապայման չկա, ու Դուք էլ եք դա ասել, որ կա նախապայման։ Իմ հարցն այն էր՝ արդյոք սա վերջի՞ն նախապայմանն է ձեզ ներկայացված ցուցակից»,- հռետորական հարց հղեց Արեգա Հովսեփյանը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ