15 Նոյ
2024
2.2° c ԵՐԵՎԱՆ
4.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ովքե՞ր են լինելու Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների հարցերով պաշտպանության հանձնախմբի անդամները. Վ. Օսկանյան

Ովքե՞ր են լինելու Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների հարցերով պաշտպանության հանձնախմբի անդամները. Վ. Օսկանյան

Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների հարցերով պաշտպանության հանձնախումբը

իր երկրորդ հայտարարությունն է տարածել,  որում հստակեցվում է Հանձնախմբի նախնական կազմը։ Որոշ մանրամասներ են հաղորդվել նաև աշխատանքի ուղղությունների մասին։

ՀՀ նախկին արտգործնախարար, հանձնաժողովի աշխատանքները համակարգող Վարդան Օսկանյանը այդ հայտարարությունը լրացրել է մի քանի մեկնաբանություններով։

«Առաջին, ինչպես նշված է հայտարարությունում, սա Հանձնախմբի նախնական կազմն է։ Այն անպայման ընդլայնվելու է՝ առավել լայն աշխարհագրություն ստանալու համար, և դրանում անպայմանորեն մասնակիցներ են լինելու Ռուսաստանից և Մերձավոր  Արևելքից։

Երկրորդ, Հանձնախմբի առջև դրված հիմնական խնդիրը՝ արցախահայության հիմնարար իրավունքների պաշտպանությունը և առաջին հերթին նրանց՝ միջազգային երաշխիքներով հավաքական հայրենադարձությունն է։

Երրորդ, ես կարծում եմ՝ այսօր, առավել, քան երբևէ, պատեհ առիթը կա, որ հայկական կողմը Ադրբեջանի հարատև և անհավանական պահանջների դիմաց բանակցությունների սեղանին դնի արցախահայության՝ միջազգային երաշխիքներով հավաքական հայրենադարձության հարցը։

Այս պահանջի միջազգային-իրավական բոլոր հիմքերը կան։ Ավելին, երբ հայ ժողովրդի մի հատվածը տեղահանված է իր բնօրրանից, միայն այս խնդրի իրականացումը կնպաստի ժողովուրդների միջև իրական խաղաղության հաստատմանը», – Facebook-ում գրել է Օսկանյանը` հրապարակելով հայտարարությունը:

«Ի լրումն 2024-ի հունվարի 18-ի հայտարարության՝ Արցախի հիմնական քաղաքական ուժերի հետ համագործակցությամբ ձևավորված Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախումբը հայտնում է, որ հանձնախմբի նախնական կազմում հետևյալ անհատներն են․

Վարդան Օսկանյան, ՀՀ արտաքին գործերի նախարար (1998-2008)

Գեղամ Ստեփանյան, Արցախի մարդու իրավունքների պաշտպան

Կարեն Բեքարյան, «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, Հայաստան

Մարիո Նալպատյան, Հայ դատի կենտրոնական Խորհրդի անդամ, Արգենտինա

Գասպար Կարամպետյան, Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ, Բելգիա

Գառնիկ Քըրքոնեան, միջազգային իրավաբան, ԱՄՆ

– Հանձնախմբի կազմը կընդլայնվի՝ ներառելով անհատների Ռուսաստանից և Մերձավոր Արևելքից»,- ասվում է հաղորդագրությունում։