19 Հլս
2024
23.1° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանցիները հանել են Արցախի Վանքասարի եկեղեցու խաչը

Ադրբեջանցիները հանել են Արցախի Վանքասարի եկեղեցու խաչը

Ադրբեջանական սոցցանցային հարթակներում հարպակած լուսանկարներում բացակայում  է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում գտնվող Վանքասարի եկեղեցու խաչը։ «Հայքի մշակույթի Օմբուդսմեն» Հովիկ Ավանեսովն ահազանգում է, որ այս եկեղեցին ևս Ադրբեջանի պետական քարոզչամեքենան ներկայացնում է, որպես աղվանական։

«Այս փաստը ևս մեկ անգամ վկայում է, որ Ադրբեջանը պետական մակարդակով բռնազավթված Արցախում իրականացնում է մշակութային ցեղասպանություն»,- գրում է նա։

Նա վկայակոչում է 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածը, ըստ որի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։

«Հարկ է հիշեցնել, որ Հաագայի արդարադատության միջազգային դատարանի 2021 թ. դեկտեմբերի 7-ի որոշմամբ արգելվել են հայկական եկեղեցիների պղծման գոծողությունները․ «Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք իրականացվում էին հայկական մշակութային ժառանգության նկատմամբ․․․»։

Իսկ ԵԽԽՎ 2583-րդ բանաձևով հայկական մշակութային արժեքների հայկականության փաստի ժխտումն ու դրանց՝ աղվաններին պատկանելը ճանաչվել է որպես «ադրբեջանական հորինվածք»,- գրել է Հ.Ավանեսովը։