Արևմուտքը պարտվում է Ուկրաինայում և անհրաժեշտ է Ռուսաստանին զբաղեցնել մյուս ռեգիոններում. Աբրահամ Գասպարյան
Հնարավոր չէ անտեսել աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, սահմանափակվել տարածաշրջանով և ունենալ վերլուծական վստահելի արդյունքներ: Կասեք՝ ինչ կապ ունեն Փաշինյանի՝ գրեթե ամենօրյա անադեկվատ զառանցանքներն այս ամենի հետ, կամ՝ Ադրբեջանում նախագահի վերընտրությունն այս ամենի հետ, ես կասեմ՝ դրանք զառանցանք չեն, ոչ էլ Ալիևի վերաթագադրումը սովորական իրադարձություն, երկուսն էլ շաղկապված են և եթե չչափազանցեմ՝ սպասվող ավելի աղետալի իրադարձությունների նախերգանքը, անոնսը։ Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի հիմնադիր տնօրեն, քաղաքագետ, քգթ, դոցենտն Աբրահամ Գասպարյանը իր հեղինակային «Փոխի’ր ալիքը Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում վերլուծել է Թուրքիա-Ադրբեջան հակահայ դաշինքը տապալելու տարբերակների, Մերձավոր Արևելքում հնարավոր պատերազմի մեր տարածաշրջան տեղափոխվելու հավանականության, ԱԺ-ում հնչած հակահայկական խայտառակ ելույթների տողատակերի մասին։
«Էնթընի Բլինկենը, մեղմ ասած, ծանր տեղը չի թեթևացնի միայն գերիների հարցի համար, որովհետև եթե նա օվկիանոս է կտրում այսպիսի հաճախականությամբ, ուրեմն ամերիկյան ծրագրերն այս տարածաշրջանում ավելի խորքային են, քան թվում է կամ հասանելի: ԱՄՆ-ն Եվրասիական տարածաշրջանում, մեղմ ասած՝ չի կարողանում ռազմական հաջողությունն ամրապնդել։ Ուկրաինան դեֆոլտի մատնված պետություն է, ՆԱՏՕ-ի մատակարարումները չեն կասեցնում Ռուսաստանի գործողությունները, կարճ ասած՝ Արևմուտքը պարտվում է Ուկրաինայում և անհրաժեշտ է Ռուսաստանին զբաղեցնել մյուս ռեգիոններում, ընդ որում՝ ոչ միայն Ռուսաստանին, այլև Իրանին, որի հետ հաշվի չնստելը նշանակում է՝ հավերժ պատերազմներ և անկայունություն Մերձավոր Արևելքում»,- ասել է քաղաքագետը
Աբրահամ Գասպարյանի խոսքով՝ որքան էլ Փաշինյանը փորձի մոլորեցնել, թե միայն հորիզոնական ապաշրջափակմամբ Հայաստանը կկարողանա դուրս գալ ճգնաժամից, Թեհրանում այնքան միամիտ չեն, որ չհասկանան, որ խաչմերուկը ոչ թե խաղաղության, այլ գործակալական ցանցերի խաչմերուկ է լինելու: