ABCMEDIA
Ռուս խաղաղապահների՝ Արցախում մնալու պատճառները քիչ են․ Զատուլին

Ռուս խաղաղապահների՝ Արցախում մնալու պատճառները քիչ են․ Զատուլին

Արցախահայերի հեռանալուց հետո տարածաշրջանում ռուս խաղաղապահների ներկայության պատճառներն ավելի քիչ են։ Газета.Ru-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը դեռ չի բարձրացրել զորքերը դուրս բերելու հարցը, որպեսզի Ռուսաստանը դա չընկալի որպես պարտություն կամ զիջում։

«Այսօր Ղարաբաղում խաղաղապահների ներկայությունը փոխկապակցված է Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների հետ։ Փաստորեն, քանի որ Ղարաբաղում հայ բնակչություն չկա, հարց է առաջանում՝ ի՞նչ են անում այնտեղ մեր խաղաղապահները։ Կարծում եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը դեռ նրանց դուրսբերման հարցը չի բարձրացրել միայն այն պատճառով, որ դա Ռուսաստանում չընկալվի որպես պարտություն, որպես զիջում, որպես Ռուսաստանի Դաշնությունից դուրս մեր զինվորականների ներկայությանը պատճառած վնաս։ Բայց իրականում մեր խաղաղապահների Ղարաբաղում գտնվելու պատճառներն ավելի քիչ են»,- ասել է նա։

Պատգամավորի կարծիքով՝ ռուս խաղաղապահների առկայությունը Ղարաբաղում կարող է երաշխավորել, որ հայ բնակչության տների հետ ոչինչ չի պատահի։