20 Սեպ
2024
17.3° c ԵՐԵՎԱՆ
10.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայել-Ադրբեջան հերթական «առևտուրը» Իրանի դեմ է գործելու. ադրբեջանագետ

Իսրայել-Ադրբեջան հերթական «առևտուրը» Իրանի դեմ է գործելու. ադրբեջանագետ

Նավթի ու զենքի ակտիվ փոխանակումը Ադրբեջանի և Իսրայելի միջև նոր չի սկսվում։ Վերջին առևտուրը 300 միլիոն դոլար էր կազմում։ Այդ գործարքը միայն Հայաստանին վնասելու համար չի կատարվում։ Ըստ ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի՝ Ադրբեջանի ներկայիս սպառազինությունը բավարար է Հայաստանի դեմ պատերազմ սկսելու հատկապես ՀՀ գործող իշխանության դեպքում։ Այդ գործարքը ավելի շատ Իրանի դեմ է։

«Իրան-Իսրայել պատերազմը վերջին օրերին շատ մոտ էր թվում։ Եթե այն սկսվեց, Ադրբեջանը պետք է վերադարձնի պարտքերն ու հարվածի Իրանին՝ Իսրայելին օգնելու համար։ Բացի այդ՝ այդ պատերազմով Ադրբեջանը պատրվակ կունենա՝ Հայաստանի նկատմամբ ռազմական գործողություններ սկսելու։ Նա ավարտին կհասցնի սկսածը՝ օկուպացնելով նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանքը»։ Այդպիսով՝ Հայաստանը կզրկվի Սյունիքից, հարևանի Իրանի հետ սահմանակից լինելուց։ Նույնը նաև Իրանը․ կզրկվի Հայաստանի հետ կապից»,- ասել է Ադիբեկյանը։

Նման հնարավոր զարգացումների պատճառով՝ կսրվեն Ադրբեջան-Իրան հարաբերությունները, ինչը ձեռնտու չէ Ադրբեջանին։ Իրանի առաջնորդները բազմիցս հայտարարել են, որ եթե Իսրայելը պատերազմ սկսի, Իրանը կխոցի նաև տարածաշրջանում՝ Իսրայելի շահերը սպասարկող ռազմաբազաները։ Ադիբեկյանի խոսքով՝ երկու երկրների միջև առաջացած առևտրային գործարքը կարող է վերածվել տարածաշրջանային պատերազմի։

Բացի այդ՝ բախվում են գերտերությունների շահերը․ նվազում է Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունն ու զուգահեռաբար աճում Արևմուտքի ներկայությունը։

Ստեղծված վիճակում Հայաստանը բազմաթիվ անելիքներ ունի արտաքին քաղաքական դաշտում։ Սակայն սպասելիքներ ունենալ գործող իշխանությունից, անիմաստ է՝ եզրափակում է ադրբեջանագետը։

Ավելի վաղ Politico-ն գրել էր, որ Ադրբեջանը միայն նախորդ հունվարին Իսրայելին է մատակարարել 300 միլիոն դոլարի հում նավթ՝ հսկայական քանակությամբ զենքի դիմաց։