
«Քաղցր հուշեր» բլոկադայի մասին. Արցախի հանրային ռադիոյի ամենահամեղ կոնֆետները
Քարվաճառում ապրելուս տարիներին թղթակցում էի տեղի «Նոր Շահումյան» թերթին։ Գրում էի տեղի անցուդարձից, ինչպես նաև՝ թերթին նոր խորագիր էի առաջարկել. «Հանդիպում արվեստի հետ»։ Այս խորագրի տակ հրապարակում էի ավելի վաղ ունեցածս հարցազրույցները թատրոնի ներկայացուցիչների հետ՝ ըմբոշխնելով երևանյան բոհեմի ու քարվաճառյան լեռների միջև սեղմված իմ աշխարհը։
Մի օր զանգ եմ ստանում անծանոթ համարից. «Տյու Թամա՞րն ըս», արցախյան անմիջականությամբ հնչում է հարցն առանց նախաբանի։ «Այո», տարակուսած պատասխանում եմ։ «Տյու Քարվաճա՞ռ ըս ապրում։ Բա ես խե՞ գյուդում չեմ, վեր տյու ստի լավ հոդվածներ ըս կիրում», անկեղծ վրդովմունքով շարունակում է զրուցակիցս։ Արդարանում եմ, թե ինչու Արցախի հանրային ռադիոյի լուրերի բաժնի այն ժամանակվա ղեկավար տիկին Նվարդը չգիտի, որ ես Քարվաճառում եմ ապրում ու «ստի լավ հոդվածներ ըմ կիրում»։ Այսպես սկսվում է իմ համագործակցությունը Արցախի հանրային ռադիոյի հետ։ Դառնում եմ Քարվաճառի ձայնն արցախյան ռադիոյում, տարիներ շարունակ, մինչև 2020 թվականի նոյեմբեր լուսաբանելով քարվաճառյան անցուդարձը։
2020 թվականի արհավիրքից ու Քարվաճառը կորցնելուց հետո 2022 թվականին նորից Արցախում ենք, այս անգամ՝ Ստեփանակերտում։ Ամուսինս՝ Դավիթը, աշխատանքի է անցնում Արցախի հանրային ռադիոյի լրատվական բաժնում։ Այցելում եմ ռադիո։ Հանդիպում եմ տարիներ շարունակ իմ նյութերը մոնտաժած, եթեր հեռարձակած մասնագետներին։ Հիշում ենք քարվաճառյան լուրերն ու ամբողջական Արցախի երջանիկ տարիները…
Արցախի հանրային ռադիոն դառնում է Ստեփանակերտի ամենատաքուկ անկյուններից մեկն ինձ համար։
Սկսվում է բլոկադան. տաք ու հարազատ մարդիկ առավել տաք ու հարազատ են դառնում։ Ռադիոյի շենք այցելություններս ավելի հաճախակի են դառնում։
«Տանը շաքար կա, չէ՞», մի օր հարցնում է Դավիթը։ Տանը մեկ-երկու կգ շաքարավազ կար. մենք շաքարավազ առհասարակ չենք օգտագործում։ «Կարինեն կոնֆետ է սարքում, տանեմ, սարքի»։ Պարզվեց՝ ռադիոյի Կարինեն կարողանում էր սարքել աշխարհի ամենահամեղ կոնֆետները՝ մի բուռ շաքարավազով ու այդ պահին առկա ընկուզեղենով։ Ռադիոյում մերթընդմերթ կազմակերպվող քաղցր ընդմիջումները տաքացնում ու ուժեղ են դարձնում բլոկադայի ցուրտ ու հուսահատ օրերին։
Ադրբեջանի կողմից վերջին մահաբեր հարձակումից հետո Ստեփանակերտում սարսափելի պատկերները շատ էին։ Ամենահուզիչ տեսարաններից էր Արցախի հանրային հեռուստառադիո ընկերության մեքենան՝ բեռնված երկար տարիների արդյունքում ձեռք բերված ձայնա- և տեսագրություններով։ Աշխատակիցները բոլոր սկավառակները բեռնել էին մեքենան՝ դեպի անորոշություն ճանապարհելով մի ողջ Արցախի պատմություն…
Տաքուկ ու ջերմ էր Արցախի հանրային ռադիոն, ինչպես ողջ Արցախն էր տաքուկ ու ջերմ։ Իսկ կոնֆետներն այնտեղ ամենահամեղն էին, բլոկադայում հայթաթած մի բուռ շաքարավազով ու Արցախի ամենահամով ճղոպուրով…
Թամարա Գրիգորյան


