25 Օգս
2026
31° c ԵՐԵՎԱՆ
26° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ի՞նչ էին փնտրում ու ի՞նչ են առգրավել ուժայինները Լևոն Քոչարյանի բնակարանից 

Ի՞նչ էին փնտրում ու ի՞նչ են առգրավել ուժայինները Լևոն Քոչարյանի բնակարանից 

Լևոն Քոչարյանի՝ Ազգային ժողովում օգոստոսի 24-ին ունեցած ելույթից հետո Քոչարյան ընտանիքի տներում խուզարկություն իրականացնելու հանգամանքը փաստաբան Տաթևիկ Սողոյանը պատահականություն չի համարում։ Նրա խոսքով՝ քննիչի կողմից դատարան խուզարկության թույլտվության միջնորդություն ներկայացնելու ժամանակն իր մոտ հարցեր է առաջացնում։

«Շատ պատահական, չակերտավոր զուգադիպություն է, որ քննիչը որոշել է խուզարկություն իրականացնելու միջնորդություն հայցել դատարանից հենց երեկ։ Ինչ-որ բան ինձ հուշում է, որ դա տեղի է ունեցել հենց Լևոն Քոչարյանի ելույթից հետո»,-ասաց Տաթևիկ Սողոյանը։

Փաստաբանի գնահատմամբ՝ այս հանգամանքը կարող է հիմք հանդիսանալ քաղաքական հետապնդման մասին պնդումների համար։

Նա նաև ուշադրություն հրավիրեց վարույթի շրջանակում ներկայացվող դեպքերի վաղեմության վրա՝ նշելով, որ խոսքը մոտավորապես 2001-2002 թվականների դեպքերի մասին է, որոնք, իր խոսքով, օբյեկտիվորեն չեն կարող առնչվել Լևոն Քոչարյանի կողմից հանցակցություն կատարելու հանգամանքին։

Սողոյանը խուզարկության բնույթը որակեց որպես «պատժիչ» և «ռեպրեսիվ» գործողություն՝ հատկապես մատնանշելով իրավապահների դիմակավորված ներկայությունը։

«Ինձ համար իրավաչափության տեսանկյունից բացարձակ արդարացված չի կարող համարվել «Ալֆա» ջոկատի ներկայությունն այստեղ»,-ասաց նա՝ հավելելով, որ իրավապահների ներկայությունը հատկապես ազդեցություն է ունեցել Լևոն Քոչարյանի երեխաների վրա։ Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի թոռներից մեկը նույնիսկ հարցրել է, թե ինչու են նման ջոկատայիններ եկել իրենց տուն, իսկ Լևոն Քոչարյանի կինը՝ Սիրուշոն, փորձել է երեխային բացատրել, որ հնարավոր է՝ «Սփայդերմենն է եկել»։

Սողոյանը նաև կասկած հայտնեց Լևոն Քոչարյանի և վարույթի ենթադրյալ հանցագործությունների միջև կապի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ եթե գործը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, ապա անհասկանալի է, թե ինչու են գործողություններ իրականացվել նաև Լևոն Քոչարյանի բնակարանում։ Նա համոզմունք հայտնեց, որ անաչառ դատարանի պայմաններում խուզարկության որոշումը կարող է ապօրինի ճանաչվել։

Սողոյանը նաև ներկայացրեց իր տպավորությունը խուզարկության ընթացքից։ Նրա խոսքով՝ իրավապահները փնտրել են հնարավոր թանկարժեք իրեր՝ նույնիսկ ուսումնասիրելով սպասքի վրա առկա տարբերանշանները։ Նա պատմեց նաև ոսկեգույն ժամացույցի մասին, որը, ըստ իր ներկայացրածի, սկզբում կարող էր ընկալվել որպես կարևոր իրեղեն ապացույց, սակայն պարզվել է, որ այն ոսկյա չէ։ Փաստաբանի խոսքով՝ խուզարկության ընթացքում առգրավվել են նաև Լևոն Քոչարյանի հարսանիքի ժամանակ նվեր ստացած հուշամեդալները։ Նրա փոխանցմամբ՝ մեդալների վրա նշված են եղել հարսանիքի ամսաթիվն ու նվիրողների անունները։

«Իմ համոզմամբ՝ այդտեղ ուղիղ արդեն փաստվում է, որ դա որևէ կերպ չի կարող առնչություն ունենալ այդ գործի հետ»,-ասաց Սողոյանը։

Նրա խոսքով՝ առգրավվել են նաև տարբեր կրիչներ, այդ թվում՝ Smart TV-ից վերցված ֆլեշ կրիչ։ Միաժամանակ Սողոյանը պնդում է, որ խուզարկության ընթացքում այնպիսի իրեր, որոնք կարող էին ներկայացված մեղադրանքին ծառայել որպես կարևոր ապացույց, չեն հայտնաբերվել։

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ