
Աֆղանստանում 1 միլիոն երեխայի մոտ առկա է կյանքին սպառնացող թերսնուցում․ ՅՈՒՆԻՍԵՖ
ՄԱԿ-ը նախազգուշացնում է՝ Աֆղանստանում 1 միլիոն երեխայի մոտ առկա է կյանքին սպառնացող թերսնուցում․ գրում է Euronews-ը։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ ամբողջ Աֆղանստանում 3․7 միլիոն երեխա ծայրահեղ նիհար է՝ թերսնուցման հետևանքով։ Կազմակերպության Աֆղանստանի գրասենյակի ներկայացուցիչ Թաջուդին Օյեվալեն նշել է, որ այդ 3․7 միլիոնի թվում է «մեկ միլիոն երեխա, որոնց մոտ առկա է կյանքի համար վտանգավոր ծայրահեղ թերսնուցում»։
«Եթե չկարողանանք արագ գործել, այդ 1 միլիոն երեխաները կարող են մահվան վտանգի առաջ հայտնվել», – ասել է նա։
Նշվում է, որ երկրում ծանր թերսնուցման դեպքերի ավելի քան 80%-ը բաժին է ընկնում մինչև 2 տարեկան երեխաներին։
Վերջին տասնամյակների ընթացքում Աֆղանստանը բազմիցս բախվել է համատարած սովի՝ քաղաքացիական պատերազմի և այլ ճգնաժամերի հետևանքով առաջացած դժվարությունների պատճառով։


