
Մեծ Բրիտանիան խստացնում է Իրանի դեմ պատժամիջոցները
Մեծ Բրիտանիայի կառավարությունը ներկայացրել է օրենսդրական միջոցներ՝ Իրանի դեմ պատժամիջոցները խստացնելու համար: Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարար Սթիվեն Դաութիի խոսքով՝ սահմանափակումները կազդեն Իսլամական Հանրապետության առևտրի և նավագնացության վրա։
«Այս ֆինանսական միջոցառումները կսահմանափակեն Իրանի կառավարության՝ Մեծ Բրիտանիայի ֆինանսական համակարգ մուտք գործելու և իր միջուկային ծրագիրը ֆինանսավորելու համար միջոցներ հայթայթելու հնարավորությունը: Այս օրենսդրությունն ընդլայնում է առևտրային արգելքների ենթակա ապրանքների, տեխնոլոգիաների և ծառայությունների ցանկը: Սա վերաբերում է այն ոլորտներին, որոնք կարևոր դեր են խաղում Իրանի միջուկային կարողություններին նպաստող ոլորտներում (օրինակ՝ էներգետիկա, ծրագրային ապահովում, մետալուրգիա և ոսկու արդյունահանում), ինչպես նաև դրանց հետ կապված գործունեությանը՝ ներառյալ նավագնացությունը, ապահովագրությունը և բանկային ծառայությունները», – նշել է Դաութին Համայնքների պալատ (Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատ) ուղարկված գրավոր հայտարարությունում։
Արգելվում է նաև «Իրանի սովորական սպառազինությունների և միջուկային կարողությունների համար կարևոր լրացուցիչ ապրանքների և տեխնոլոգիաների» արտահանումը: Ավելին՝ արգելվում է իրանական ինքնաթիռների վայրէջքը Մեծ Բրիտանիայում՝ սահմանափակ բացառություններով։
Դաութին հավելել է, որ «օրենսդրությունն ընդլայնում է այն նավերի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու լիազորությունները, որոնք աջակցում են Իրանի միջուկային ծրագրին և նպաստում նրա ապակառուցողական ու անկայունացնող գործունեությանը»։


