
Եվրոպայի քաղաքական «աջացումը». պատահական ալի՞ք, թե՞ նոր քաղաքական դարաշրջան
Եվրոպական քաղաքականության մեջ աջ, ազգայնական և պոպուլիստական ուժերի աճն աստիճանաբար համաեվրոպական քաղաքական տենդենց է դառնում։
Վերջին և ամենանշանակալի ազդանշանը Գերմանիայից էր. սեպտեմբերի 6-ի Սաքսոնիա-Անհալթի ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը ստացել է մոտ 44%, այսինքն՝ 83 մանդատից՝ 39-ը։ Այսպիսով՝AfD-ն Երկրորդ աշխարհամարտից հետո առաջին անգամ մոտեցել է գերմանական որևէ երկրամասում իշխանություն ձևավորելու հնարավորությանը։
Սա պարզապես ներքաղաքական իրադարձություն չէ Գերմանիայում։ Այն կարելի է դիտարկել որպես Եվրոպայում ընթացող ավելի լայն գործընթացի նոր փուլ։
Ի՞նչ է իրականում կատարվում Եվրոպայում
Առաջին կարևոր եզրակացությունն այն է, որ Եվրոպան պարզապես «ծայրահեղ աջ» չի դառնում։ Ավելի ճիշտ է ասել՝ եվրոպական քաղաքական կենտրոնը շարժվում է դեպի աջ։
2024-ի Եվրոպական խորհրդարանի ընտրություններն արդեն ցույց են տվել այդ տեղաշարժը․ աջ և ծայրահեղ աջ ուժերը զգալիորեն ամրապնդել են իրենց դիրքերն, իսկ միգրացիան, գնաճը և ԵՄ կլիմայական քաղաքականությունը դարձան աջ ուժերի հիմնական ընտրական թեմաները։
Այս գործընթացը շարունակվեց նաև 2025-2026 թվականներին։
Ո՞ր երկրներն են շարժվում դեպի աջ
Իտալիան արդեն ցույց է տալիս, թե ինչ կարող է լինել աջ ուժերի իշխանության գալուց հետո։
Մելոնիի կառավարությունը դարձել է Եվրոպայի ամենակայուն աջ կառավարություններից մեկը։ Սակայն այստեղ կարևոր է տարբերակել արմատական աջի նախընտրական հռետորաբանությունը և իշխանության մեջ գտնվելու վարքագիծը։ Մելոնին, լինելով պահպանողական և ազգայնական քաղաքական գործիչ, միաժամանակ շարունակում է աջակցել Ուկրաինային և համագործակցել եվրոպական ու եվրաատլանտյան կառույցների հետ։
Միգրացիոն քաղաքականության և աջերի գաղափարների ակնհայտ օրինակ էր իսպանական Սեուտա անկլավ միգրանտների հոսքով պայմանավորված Իտալիա-Իսպանիա հարաբերությունների սրացումները։
Վարչապետ Ջորջիա Մելոնին, որը կոշտ դիրքորոշում է որդեգրել անօրինական ներգաղթի դեմ, ճնշման տակ է գտնվում նոր ծայրահեղ աջ կուսակցության՝ «Ազգային ապագա» կուսակցության կողմից, որի հռետորաբանությունը արձագանք է գտնում որոշ ընտրողների մոտ՝ հաջորդ տարի կայանալիք ընտրություններից առաջ։ Իտալիան նույնսիկ որոշ ժամանակով կասեցրել էր Իսպանիայի հետ բաց սահմանների վերաբերյալ պայմանավորվածությունները։
Գերմանիան Եվրոպայի «աջացման» ամենակարևոր դեպքն է։
Սաքսոնիա-Անհալթ երկրամասում AfD-ի մոտ 44%-անոց արդյունքը նշանակում է, որ կուսակցությունը դուրս է գալիս «բողոքի կուսակցության» կարգավիճակից և դառնում է իշխանության իրական հավակնորդ։
Առանձնապես կարևոր է այն, որ AfD-ի աջակցությունը միայն տարեց կամ ծայրահեղական ընտրողների շրջանակում չէ։ Ընտրություններում կուսակցությունը կարողացել է ներգրավել նաև երիտասարդների և աշխատավոր դասի ներկայացուցիչների։
AfD-ի քաղաքականությունը շատ ավելի կոշտ է, քան Մելոնիինը.
• խիստ հակամիգրացիոն քաղաքականություն,
• ԵՄ-ի նկատմամբ սկեպտիցիզմ,
• Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման ցանկություն,
• Ուկրաինային ռազմական աջակցության կրճատում կամ դադարեցում։
Վերջին կետն արդեն ուղղակիորեն կապված է Ռուսաստանի դեմ եվրոպական քաղաքականության հետ։ Կուսակցությունը համարում է, որ հարկավոր է չեղարկել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները՝ վերականգնելով գազի և նավթի մատակարարումները։
ԱՄՆ նախագահն ինքն է իր Truth Social հարթակում հրապարակել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի էքզիթ-փոլի արդյունքները։
AfD-ի հակամիգրացիոն կարգախոսը՝ «Գերմանիան գերմանացիների համար» նման է Դոնալդ Թրամփի MAGA կարգախոսին՝ «Ամերիկայի վերադրձնենք իր մեծությունը»։ Եվրոպայի այլ ազգայնական կուսակցությունների հետ միասին՝ AfD-ն մեծապես փոխառել է Թրամփի ռազմավարությունը՝ խաթարելով հիմնական լրատվամիջոցների հեղինակությունը, կասկածի տակ դնելով դատավորների անաչառությունը և խոստանալով «կրկին հզոր դարձնել Գերմանիան»։
Ֆրանսիայում National Rally-ն տարիներ շարունակ ընդլայնում է իր ընտրական բազան։
2024-ի եվրոպական ընտրություններում կուսակցությունը դարձել է Ֆրանսիայի ամենաազդեցիկ քաղաքական ուժերից մեկն, ինչն էլ Էմանուել Մակրոնին ստիպել էր հայտարարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին։
Ֆրանսիայի առանձնահատկությունն այն է, որ աջի հիմնական թեմաները դարձել են.
միգրացիա + անվտանգություն + ազգային ինքնիշխանություն + եվրոպական ինտեգրման վերանայում։
2024-ին Ավստրիայի Freedom Party-ն առաջին անգամ հաղթեց խորհրդարանական ընտրություններում։
Կուսակցությունը հանդես է գալիս խիստ հակամիգրացիոն դիրքերից և ավելի բարենպաստ է տրամադրված Ռուսաստանի նկատմամբ՝ ներառյալ Ուկրաինային օգնության և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցերը։
Պորտուգալիայում Chega-ն դարձել է երկրի կարևորագույն քաղաքական ուժերից մեկը։ 2026-ի նախագահական ընտրություններում Chega-ի առաջնորդ Անդրե Վենտուրան թեև պարտվել է, սակայն ստացել է 33.2%, ինչը նշանակում է, որ աջերը կարողանում են հավաքել մեծ քանակով ձայներ, նույնիսկ եթե տվյալ պահին չեն կարողանում ամբողջությամբ վերցնել իշխանությունը։
Այդուամենայնիվ, սխալ կլինի պնդել, որ «Եվրոպայի աջերը Ռուսաստանի կողմնակից են»։
Եվրոպական աջի մի հատվածը ցանկանում է փոխել Ռուսաստանի նկատմամբ ներկայիս կոշտ քաղաքականությունը, իսկ մյուս հատվածը շարունակում է Ռուսաստանը դիտարկել որպես ռազմավարական սպառնալիք։
Ինչո՞ւ է Եվրոպան «աջանում»
Այստեղ համադրվում են մի քանի գործոններ։
1. Միգրացիա
2015-ից հետո միգրացիայի թեման աստիճանաբար դառնում է եվրոպական աջերի գլխավոր քաղաքական զենքը։
2. Կյանքի արժեքի աճ
Ընտրողը շատ հաճախ չի մտածում աշխարհաքաղաքական կատեգորիաներով։ Նա մտածում է. «Ինչո՞ւ է ամեն ինչ թանկացել»։ Աջ կուսակցությունները կարողանում են այդ դժգոհությունն ուղղել գործող իշխանությունների դեմ։
3. Ուկրաինայի պատերազմի տնտեսական գինը
Պատերազմը նշանակում է.
• էներգետիկ ծախսեր,
• պաշտպանության բյուջեի աճ,
• Ուկրաինային ֆինանսական աջակցություն,
• սոցիալական ծախսերի նկատմամբ ճնշում։
Աջ պոպուլիստները հարց են տալիս.
Աջերը կարողանում են հղել հետևյալ ուղերձը․ «Ինչո՞ւ մենք պետք է վճարենք ուրիշ երկրի պատերազմի համար»։
4. Ազգային ինքնության վերականգնման պահանջ
Եվրոպայի մի հատվածում աճում է այն ընկալումը, որ եվրոպական ինտեգրացիան չափազանց շատ լիազորություններ է վերցրել ազգային պետություններից։
Ամենակարևոր հարցերից մեկը տվյալ պարագայում այն է, թե ինչ է սա նշանակում Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի համար։ Այստեղ տեղի է ունենում Եվրոպայի անվտանգության քաղաքականության ներքին հակասության խորացում։
Մի կողմից Եվրոպան ավելի շատ է հասկանում, որ պետք է զինվի։ Մյուս կողմից՝ հասարակությունների մի մասը հոգնում է պատերազմի ֆինանսական և սոցիալական հետևանքներից։ Սա կարող է դառնալ պատերազմի հաջորդ փուլի ամենակարևոր քաղաքական խնդիրներից մեկը։
Գերմանիայում AfD-ի հաղթանակը հատկապես վտանգավոր է Կիևի համար։
Գերմանիան Ուկրաինայի եվրոպական աջակցության առանցքային պետություններից է, իսկ AfD-ն դեմ է այդ քաղաքականությանը։
Սակայն պետք է ընդգծել՝ այս պահին Գերմանիայի կառավարությունը շարունակում է աջակցել Ուկրաինային, իսկ Ֆրիդրիխ Մերցը բացառել է AfD-ի հետ համագործակցությունը։ Այսինքն՝ AfD-ի ընտրական հաղթանակը դեռ չի նշանակում Գերմանիայի արտաքին քաղաքականության անմիջական փոփոխություն։ Բայց այն փոխում է քաղաքական միջավայրը, որտեղ այդ քաղաքականությունը ձևավորվում է։
Նույն ֆոնին՝ հետաքրքիր է Կայա Կալասի պաշտպանական նախաձեռնության ձախողումը։
Սեպտեմբերի 7-ին տեղի ունեցավ շատ ուշագրավ իրադարձություն։
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը նախատեսել էր ստեղծել բարձր մակարդակի փորձագիտական խումբ, որը պետք է մշակեր առաջարկներ՝ Եվրոպայի պաշտպանունակության բացերն ավելի արագ փակելու համար։ Խումբը պետք է ներառեր ԵՄ երկրների, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի ներկայացուցիչների, իսկ գաղափարը հիմնված էր այն համոզման վրա, որ Եվրոպան պետք է արագացնի ռազմական կարողությունների զարգացումը։
Սակայն նախաձեռնությունը վերջին պահին չեղարկվեց։ Ըստ եվրոպական աղբյուրների՝ նախաձեռնությանը դեմ էին մի քանի երկրներ, մասնավորապես՝ Գերմանիան, Իտալիան և Ֆրանսիան։ Պաշտոնական մեկնաբանությունները տարբեր էին։
Գերմանիայի դեպքում հիմնական պատճառներից մեկը, ըստ հրապարակված տեղեկությունների, այն է, որ Բեռլինը նախընտրում է եվրոպական պաշտպանական պլանավորումը հնարավորինս սերտորեն կապել ՆԱՏՕ-ի գործող մեխանիզմներին, այլ ոչ թե ստեղծել նոր՝ Կալասի ղեկավարած կառույց։ Իտալիայի դիմադրության պատճառները նույնքան հստակ չեն հրապարակվել։
Փարիզն ունի եվրոպական ռազմավարական ինքնավարության սեփական պատկերացումը և զգայուն է այն հարցում, թե ով է որոշելու եվրոպական պաշտպանական առաջնահերթությունները։
Եվրոպայում արդեն կա համաձայնություն այն հարցում, որ պաշտպանական ծախսերը պետք է ավելացնել, բայց չկա լիակատար համաձայնություն, թե ինչպես դա անել, և ով պետք է ղեկավարի գործընթացը։
Մոսկվայի համար ամենաբարենպաստը ոչ թե պարզապես «աջերի հաղթանակն» է, այլ եվրոպական քաղաքականության պառակտումը։ Այսպիսի Եվրոպան շատ ավելի դժվար է միասնական որոշումներ կայացնում։


