
Թրամփը փորձում է կրկին աշխատանքի ընդունել Ազգային միջուկային անվտանգության վարչության աշխատակիցներին, ում աշխատանքից ազատել էր օրեր առաջ
ԱՄՆ կառավարությունը փորձում է կրկին աշխատանքի ընդունել Ազգային միջուկային անվտանգության վարչության (NNSA) աշխատակիցներին, ում աշխատանքից ազատել էր հինգշաբթի՝ փետրվարի 13-ին․ հայտնում է BBC–ն։
Նման որոշում է ընդունվել այն բանից հետո, երբ մտավախություններ են առաջացել, որ վարչության աշխատակիցներին աշխատանքից ազատելը կարող է վտանգ հանդիսանալ ազգային անվտանգության համար․ հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները:
Վարչությունը պատասխանատու է ԱՄՆ միջուկային զենքի պաշարների նախագծման, կառուցման և վերահսկման համար: Կրճատումները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից դաշնային կառավարության աշխատակազմի շարքերը կրճատելու հսկայական ծրագրի մասն են կազմում։ Այս ծրագիրը Թրամփը սկսել է կյանքի կոչել իր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից։