Արցախի Հանրապետության պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը X-ի իր միկրոբլոգում նշել է, որ իր տեղեկությունների համաձայն՝ Ռուսաստանի Կարմիր խաչի մարդասիրական օգնությունը չի հասել Արցախ՝ նախապես չհամաձայնեցված ադրբեջանական լրացուցիչ խոչընդոտների և պայմանների պատճառով։
Ռուսական օգնությունը ներկայումս արգելափակված է Ադրբեջանում, իսկ Լաչինի միջանցքը մնում է ամբողջությամբ արգելափակված։
«Արցախյան կողմն ընդունել է Ադրբեջանի տարածքով մարդասիրական օգնության հասանելիություն տրամադրելու ռուսական առաջարկը՝ պայմանով, որ Լաչինի միջանցքը բացվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ռուս խաղաղապահների կողմից մարդասիրական մատակարարումների համար։ Ռուսական Կարմիր Խաչը փորձում է ռուսական արտադրության ապրանքներ մատակարարել ռուսական մեքենաների միջոցով։ Սակայն Ադրբեջանը մշտապես վերջին պահին արգելափակում է բոլոր նախաձեռնությունները՝ անընդհատ փորձելով բարձրացնել իր բանակցային շեմը և ձգձգել գործընթացը՝ միաժամանակ շարունակելով ցեղասպանությունը և պահելով ճնշումը արցախյան կողմի վրա»,- գրել է Բեգլարյանը։