
Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին կքննարկվեն ՀՀ-ում և Արցախում ստեղծված կացության, Սրբալույս մյուռոնի օրհնությանը վերաբերող հարցեր
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով, տեղեկանում ենք Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջից:
Ժողովի ընթացքում կքննարկվեն Հայաստանում և Արցախում ստեղծված կացության, Սրբալույս մյուռոնի օրհնության, եպիսկոպոսական ձեռնադրության և Մայր Տաճարի վերանորոգման ընթացքին առնչվող հարցեր։
Ժողովը բացվել է Տերունական աղոթքով, ապա Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին ողջունել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերելով ժողովականներին:
Քննարկման թեմաներն են նաև եկեղեցա-վարչական և Եկեղեցու առաքելության արդյունավորման վերաբերյալ այլ հարցեր:
Հընթացս ժողովի՝ Գերագույն հոգևոր խորհուրդը, տեղեկանալով Բերձորի միջանցքում հայ երիտասարդների առևանգման մասին, խստորեն դատապարտեց ադրբեջանական իշխանությունների կազմակերպած հերթական բռնությունն ու սադրիչ գործողությունը, ինչը շարունակվող թշնամական դրսևորումն է Ադրբեջանի հակահայկական քաղաքականության։