26 Նոյ
2024
8.1° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանը խափանել է Արցախի կայուն ինտերնետ ու թույլ չի տալիս մոտենալ՝ մալուխը վերանորոգելու համար․ Արտակ Բեգլարյան

Ադրբեջանը խափանել է Արցախի կայուն ինտերնետ ու թույլ չի տալիս մոտենալ՝ մալուխը վերանորոգելու համար․ Արտակ Բեգլարյան

Օգոստոսի 17-ին՝ ժամը 17:55-ին, Բերձորի (Լաչինի) միջանցքում տեղակայված
ապօրինի անցակետի մոտակայքում ադրբեջանական կողմը կտրել է համացանցի օպտիկամանրաթելային
մալուխը՝ խափանելով Արցախի կայուն կապը համացանցի հետ․ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել
է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։

Երեկ երեկոյան Արցախի մասնագետները փորձել են ռուս խաղաղապահների
հետ միասին մոտենալ տվյալ հատվածին և վերանորոգել մալուխը, սակայն ադրբեջանական կողմը
չի թույլատրել: Այսօր առավոտվանից շարունակվում են բանակցությունները խաղաղապահների
ու ադրբեջանական կողմի միջև, որպեսզի մեր մասնագետները կարողանան վերականգնել վնասված
մալուխը:

Պատահական չեմ համարում, որ այս նոր հանցագործությունը տեղի է ունեցել
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից հետո և Արցախի ցեղասպանության թեմայով նախատեսված
մամուլի ասուլիսի մեկնարկից բառացիորեն 5 րոպե առաջ: Այս սադրանքի հետևանքով ասուլիսի
արցախաբնակ բանախոսները՝ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և տեղահանված
քաղաքացի Ալվինա Ներսեսյանը կարողացել են անկայուն ու այլընտրանքային կապով միանալ
մյուս երկու բանախոսներին՝ ԱՀ արտգործ նախարար Սերգեյ Ղազարյանին և ՄՔԴ առաջին գլխավոր
դատախազ Լուիս Մորենո Օքամփոյին 45 րոպե ուշացումով: Ի հեճուկս ադրբեջանական ջանքերի՝
ասուլիսը կայացել է, որին մասնակցել են շուրջ 130 անձինք 27 երկրից:

Ի դեպ, այժմ Արցախում խիստ սահմանափակ ծավալի համացանց է հասանելի՝
անկայուն ռադիոկապի միջոցով, որը նույնպես շարունակաբար գտնվում է ադրբեջանական խլացուցիչ
համակարգերի ճնշման ներքո: