ABCMEDIA
Ավարտվել է բանկի աշխատակցի և այլ անձանց կողմից շուրջ 458 մլն դրամի հափշտակության գործի նախաքննությունը

Ավարտվել է բանկի աշխատակցի և այլ անձանց կողմից շուրջ 458 մլն դրամի հափշտակության գործի նախաքննությունը

Քննչական կոմիտեում ավարտվել է Հայաստանում գործող բանկերից մեկի աշխատակցի կողմից
ծառայողական լիազորությունները չարաշահելու, փաստաթղթերի կեղծման միջոցով, տվյալ բանկից
սխեմատիկ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու, փողերի լվացման
վերաբերյալ քրեական վարույթից անջատված մասով նախաքննությունը։

 ՔԿ-ից հայտնում են, որ 2008-2018թ․ ընթացքում ՀՀ-ում գործող առևտրային բանկերից
մեկի պլաստիկ քարտերի վարչության պետի պաշտոնն զբաղեցնող Կ․Խ․-ն 2015-2018թթ․ ժամանակահատվածում,
օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ,
կազմել է արտերկրյա կամ Հայաստանում գործող մասնավոր ընկերությունների հետ՝ ՓԲԸ-ի
(բանկի) ծրագրային ապահովման տարբեր մոդուլների տեղայնացման, ներդրման և կարգաբերման,
կամ սարքավորումների երաշխիքային սպասարկման, այդ սպասարկման ժամկետները երկարացնելու
աշխատանքների կատարման վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող պայմանագրեր, որոնք
կնքվել են Բանկի և այդ ընկերությունների միջև։

 Այնուհետև պայմանագրերով նախատեսված աշխատանքներն իբրև թե կատարված լինելու վերաբերյալ
կազմվել են հանձնման-ընդունման ակտեր, որոնց հիման վրա Բանկի կողմից այդ ընկերությունների
հաշվեհամարներին փոխանցվել են պայմանագրերով նախատեսված՝ առանձնապես խոշոր չափերի գումարներ,
որոնք հափշտակվել են Կ․Խ․-ի և այդ մասնավոր ընկերությունների անունից հանդես եկած,
Կ․Խ․-ի հետ հանցավոր համաձայնությամբ գործած ՌԴ-ի, Չեխիայի, քաղաքացի հանդիսացող անձանց
կողմից։

 Ընդհանուր առմամբ՝ հափշտակվել է մոտ 458 մլն դրամ։