ABCMEDIA
Ի՞նչ անել Նիկոլի հետ Նիկոլից հետո․ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը

Ի՞նչ անել Նիկոլի հետ Նիկոլից հետո․ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը

PostNikol. ի՞նչ անել
ազգ մնալու համար (մաս 13-րդ)

Որքան էլ այսօրվա իրականությունը
չի տրամադրում առավել խորը ու կոնցեպտուալ հարցեր քննարկել, որքան էլ այն փակուղի է
հիշեցնում, որքան էլ մեծ է գայթակղությունը համակերպվելու և մեկուսանալու անհրապույր
ներկայում ապագայի մասին նյարդայնացնող քննարկումներից, սակայն կան հարցեր, որոնք պահանջում
են ոչ թե ավազի մեջ թաքնված գլուխը մատնող հետույք, այլ հենց սթափ և մտածող գլուխ:

 PostNikol տրամաբանության
մեջ է նաև հետևյալ հարցը, որ սիմվոլիկ ձևակերպմամբ կարելի է շարադրել հետևյալ կերպ.
ի՞նչ է լինելու «Նիկոլի» հետ Նիկոլից հետո: Չակերտավոր Նիկոլն այս բանաձևման մեջ ներառում
է թե Փաշինյանի կողմից առաջ քաշված ուսմունքը, այն հավանող մարդկանց, և թե այն թիմը,
որ կյանքի էր կոչում տվյալ մոտեցումներից բխող որոշումները:

Փորձեմ ներկայացնել
մի շարք առաջարկներ այս կապակցությամբ:

1. Հայաստանում պետք
է արգելել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունը:

2. Պետք է սահմանված
ժամկետով արգելել ՔՊ ղեկավար մարմինների անդամ եղած մարդկանց զբաղվել քաղաքական գործունեությամբ,
ինչպես նաև զբաղեցնել բարձրաստիճան պաշտոններ:

3. Նույն սահմանափակումը
հարկ է կիրառել նաև ՔՊ իշխանության ժամանակահատվածում ԱԺ համապատասխան խմբակցությունների
անդամների, Կառավարության անդամների, այլ գերատեսչությունների ղեկավար եղած անձանց,
ինչպես նաև փոխնախարարների և մարզպետների նկատմամբ:

4. Ստեղծել «Հաշտեցման կամ ճշմարտության» հանձնաժողով, որի գործունեության համար ներգրավել
հասարակական վստահություն և հեղինակություն վայելող անձանց՝ անկախ քաղաքական հայացքներից:
Հանձնաժողովը պետք է լիարժեք, բաց և բազմակողմանի քննության ենթարկի Փաշինյանի ղեկավարման
տարիներին հանրային հնչեղության և կործանարար հետևանքներ ունեցած ցանկացած որոշում,
գործընթաց, դեպք և գործողություն:

5. Իրավական, քրեական,
հետևանքներ ենթադրող ցանկացած փաստ պետք է արժանանա իրական արդարադատության: Հանրային
համերաշխության և արդարության վերականգնման համար խիստ կենսական է, որ չլինեն քաղաքական
հետապնդումներ և հաշվեհարդարներ: Կարճ ասած՝ նրանց հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես
նրանք վարվեցին և վարվում են մեզ հետ:

Հասարակության բևեռացումը
հաղթահարելը ծայրաստիճան կարևոր նախադրյալ է ազգային ներուժի կենտրոնացման և օգտագործման
համար: Հարկ է լինելու լայնախոհությամբ և միասնականությամբ կանխել հայ ժողովուրդը պառակտված
քաղաքակրթության վերածելու գործընթացը:

Արտաքին մարտահրավերները
կարող են չեզոքացվել բացառապես ներքին կայունության և համերաշխության պարագայում: Արդարությունը
կարելի է և պետք է վերականգնել և՛ արդարադատությամբ, և՛ խոստովանությամբ: Միայն այդպես
է հնարավոր հասնել համընդհանուր մաքրման՝ կատարսիսի, առանց որի՝ մենք  կշարունակենք անվերջ պտտվել այս արատավոր և արյունալի
շրջանակի մեջ:

Ընդդիմադիր խոսույթում
հաճախ կարելի է լսել արդարացիորեն հիշատակվող «հայկական Նյուրնբերգի» անխուսափելիության
մասին: Բայց անգամ այս դեպքում պետք է հիշել, որ Նյուրնբերգը ոչ թե վրեժի, այլ արդարադատության
մասին էր: Այսինքն՝ ապացուցված մեղքի և համարժեք պատժի մասին է:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

06.12.2023թ.