ABCMEDIA
Հայաստանի գործող իշխանությունն ունի հանրության մեջքի հետևում տարաբնույթ պայմանավորվածությունների գնալու ձեռագիր․ Կարեն Բեքարյան

Հայաստանի գործող իշխանությունն ունի հանրության մեջքի հետևում տարաբնույթ պայմանավորվածությունների գնալու ձեռագիր․ Կարեն Բեքարյան

Քաղաքագետ Կարեն Բեքարյանը չի բացառում, որ ՀՀ իշխանությունը կարող
է դարձյալ հանրության մեջքի հետևում տարաբնույթ պայմանավորվածությունների գնալ։

ABC Media-ի հետ զրույցում խոսելով Բրյուսելում կայացած եռակողմ
հանդիպման մասին՝ Բեքարյանն ընդգծեց՝ բանակցային գործընթացում ամեն ինչը չէ, որ դառնում
է արդյունք կամ հրապարակման առարկա։

«Սրան գումարվում է այն հանգամանքը, որ Հայաստանի գործող իշխանությունն
իր կողմից ունի հանրության մեջքի հետևում տարաբնույթ պայմանավորվածությունների գնալու
ձեռագիր, դրա ականատեսը մեկ անգամ չէ, որ եղել ենք»,-ասաց Կարեն Բեքարյանը։

Քաղաքագետի խոսքով՝ հավանականությունը, որ կառավարության կողմից
հրապարակված օրակարգի կետերը ճիշտ են՝ զրոյական է։

Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ հայտարարությանն այն մասին, որ Երևանը ԵՄ
հովանու ներքո անցկացված բանակցությունների ընթացքում Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում,
ինչն արմատապես փոխել  է այն հիմնարար պայմանները, որոնցում ստորագրվել է Ռուսաստանի,
Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, քաղաքագետը
նշեց․ «ՌԴ հայտարարությունը փաստն է արձանագրել, որ Հայաստանի գործող իշխանությունը
Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, դրանով փոխելով նոյեմբերի 9-ի նոմինալ պարամետրերը։
Բարոյական չէ՝ ինքդ պատասխանատու լինելով, պատասխանատվությունը պատվիրակես այլ երկրի»։

Չնայած այս ամենին Բեքարյանը կարծում է, որ հարցն ունի երրորդ կողմ։

«Թե որքանով է Հայաստանն իր պարտավորությունը կատարել, սա առանձին
թեմա է, բայց պատասխանատվության որոշակի չափաբաժին ունի նաև ՌԴ-ն և մյուս միջնորդական
առաքելություն իրականացնողները, պատասխանատվության չափաբաժին ունի միջազգային իրավունքի
ցանկացած սուբյեկտ։ Արցախի այս իրավիճակի մասով փորձել ասել, որ Հայաստանն արեց այս
կամ այն սխալ քայլը, դրա համար որևէ հարցի լուծման չեն գնում․ սա իհարկե տրամաբանական
չի։ Առավելևս, երբ ՌԴ-ն ունի իր պարտավորությունները»,- ասաց մասնագետը։

Քաղաքագետը պնդում է՝ ՀՀ իշխանությունների անպատասխանատու լինելը
չի ազատում մնացած դերակատարներին սեփական պատասխանատվությունից։