24 Դեկ
2024
0.3° c ԵՐԵՎԱՆ
0.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախի պետնախարարը կհանդիպի ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատարների հետ

Արցախի պետնախարարը կհանդիպի ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատարների հետ

Արցախում համաժողովրդական
շարժման մասնակիցները հավաքվել են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի տեղակայման
վայրում, որտեղ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարություն է արել։

«Մենք այստեղ ներկայացել և մեր արդար ու հիմնավոր պահանջն ենք ներկայացնում
ռուսական խաղաղապահ ուժերին։ Այդ պահանջը շատ պարզ է․ բացել Հայաստանի
հետ կապող ճանապարհն ու պահել, պահպանել հայի խելացի ու գրագետ տեսակը»,-նշեց Ներսիսյանը։

Պետնախարարի խոսքով իրենց նպատակը ռուս խաղաղապահներին տեղեկացնելն
է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության թիվ մեկ շահառուն արցախցին
է։

«Եթե եռակողմ հայտարարության կողմերից մեկը չի ստանձնում իր պարտականությունները,
չի նշանակում, որ դրա բոլոր ծանրագույն հետևանքներն իր վրա պետք է կրի արցախցին։ Մենք
հավաքվել ենք այստեղ, որ մեր հազարավոր քույր ու եղբայրների անունից փոխանցենք՝ ընկերական
ու բարեկամական չէ, որ Արցախը գտնվում է շրջափակման մեջ, բայց մենք տեսնում ենք ուղղաթիռների
ամենօրյա թռիչքը»,-նշեց Ներսիսյանը։

Պետնախարարը տեղեկացրեց, որ հանդիպելու է ռուս խաղաղապահների հրամանատարներից
մի քանիսի հետ, ինչից հետո խոստացավ մանրամասներ ներկայացնել։

Պետնախարարի կոչով Ասկերանի շրջանի բնակիչները հենց ռուսական խաղաղապահ
զորքերի տեղակայման վայրում վրաններ տեղադրեցին։

«Սպասելու ենք այնքան, մինչև մեր պահանջները կատարվեն»,-կոչի ժամանակ
նշեց պետնախարարը։

Որոշվեց հանդիպումից հետո հավաքը շարունակել Ստեփանակերտի Վերածնունդի
հրապարակում՝ հետագա անելիքների և ռուս խաղաղապահների հրամանատարության հետ հանդիպման
մանրամասների մասին հայտարարելու նպատակով։