ABCMEDIA
Վերջին 5 տարում մեզ որևէ բան այնքան չի վնասել, որքան երկրի ղեկավարի սխալ ընտրված խոսքը․ Վարդան Օսկանյան

Վերջին 5 տարում մեզ որևէ բան այնքան չի վնասել, որքան երկրի ղեկավարի սխալ ընտրված խոսքը․ Վարդան Օսկանյան

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում խոսել է հայ-ադրբեջանական հարաբերություններում բեկում մտցնելու հնարավորության մասին իր վերջին հայտարարության մասին․

«Այն փոփոխությունները, որոնք ես առաջարկում եմ շատ ընկալելի են և՛ միջազգային հանրության, և՛ միջնորդների, և՛ մեր հակառակորդի համար։ Պետք է փոխել բանակցության նարատիվը։ Ոչ թե պետք է պնդենք, որ մենք պետք է ամեն գնով հասնենք խաղաղության պայմանագրի ստորագրման, այլ այս փուլում պետք է գտնենք մի ճանապարհ, որը երկու ժողովուրդներին թույլ կտա ստեղծել արդար և կայուն խաղաղություն»,- ասել է Օսկանյանը։

Նախկին պաշտոնյայի խոսքով՝ իր առաջարկի երկրորդ հիմնական միտքն այն էր, որ պետք է ընդլայնել բանակցության օրակարգը և այնտեղ ավելացնել ԽՍՀՄ շրջանում Արցախի ինքնավար մարզ ունենալու փաստը։ ԱԳ նախկին նախարարը համոզված է, որ այս փաստը կփոխի բանակցության տրամաբանությունը։

«Այս փաստի առնչությամբ դժվար թե լուրջ դիմադրություն լինի, որովհետև հակափաստարկ չկա։ Հենց Ադրբեջանն է օրակարգ բերել այնպիսի հարցեր, որոնք կապված են սովետական շրջանի հետ։ Ադրբեջանը առաջ է բերում անկլավների հարցը և այն քարտեզները, որոնք ցույց են տալիս այդ ակնլավները, ցույց են տալիս նաև Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը»,- նշել է նա։ 

Օսկանյանը նշում է՝ Փաշինյանը դիվանագիտությունից հեռու մարդ է և առ այսօր չի հասկանում, թե դիվանագիտության մեջ ինչ արժեք ունի խոսքը․ «Սխալ խոսքը կարող է բերել պատերազմ, ճիշտ խոսքը՝ խաղաղությունը։ Այս 5 տարիների ընթացքում մեզ որևէ բան այնքան մեծ վնաս չի տվել, ինչքան երկրի ղեկավարի սխալ ընտրված խոսքը։ Նա խոսում է առանց մտածելու, այն, ինչ այդ պահին գալիս է մտքին, ասում է։ Շատ դեպքերում այդ խոսքն ուղղված է ոչ թե հակառակորդին կամ միջազգային հանրությանը, այլ ներքին լսարանին»,- ասել է Վարդան Օսկանյանը։