ABCMEDIA
Պատերազմը չի ավարտվել ու անհրաժեշտ է մարդկանց ապրելու ու պայքարելու հույս տալ․ Ռուբեն Վարդանյան

Պատերազմը չի ավարտվել ու անհրաժեշտ է մարդկանց ապրելու ու պայքարելու հույս տալ․ Ռուբեն Վարդանյան

Հայաստանում միջազգային 6-րդ բժշկական համաժողովի ընթացքում տեղի ունեցավ «Սփյուռք-Հայաստան-Արցախ» խորագրով քննարկում։ Ուղիղ տեսակապի միջոցով իրականացվող քննարկմանը մասնակցում էր նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Իր ելույթում Ռուբեն Վարդանյանը անդրադարձավ ստեղծված իրադրությանն ու բարոյահոգեբանական վիճակին․ «Պատերազմից հետո մինչև օրս մարդիկ չեն ցանկանում ընդունել ստեղծված իրականությունը ու տեղի է ունենում ամենավտանգավորը՝ անտարբերություն»,-ասաց Ռուբեն Վարդանյանը։

Նրա խոսքով՝ մարդկանց առաջին հերթին պետք է տալ հույս և պայքարելու կամք։ Սակայն Վարդանյանն ընդգծեց, որ որոշ ուժեր ամեն ինչ անում են, որպեսզի կոտրեն այդ պայքարելու կամքը։ «Տարիներ շարունակ թեզեր են դաշտ նետվել, որ, Արցախը տալով, գլխացավանքից կազատվենք, զոհերն անիմաստ են, կանայք երջանիկ չեն և այլն։ Պետք է այս ամենի դեմն առնել ու մարդկանց ապրելու հույս տալ»,- ընգծեց նա։

Ռուբեն Վարդանյանը ներկայացրեց առողջապահությանն առնչվող այն ծրագիրը, որն այսօր իրականացնում են Արցախում։։ Ըստ նրա՝ արվում է բավական երկարաժամկետ հեռանկարով ծրագիր, որով տարիների ընթացքում կստեղծվի կառավարման համակարգ, որի միջոցով թեկուզ ճգնաժամային պահերին հնարավոր կլինի ապահովել առողջապահական համակարգի անխափան աշխատանքը։ Սակայն դրա համար անհրաժեշտ են համապատասխան ենթակառուցվածքներ,  ինչի ուղղությամբ էլ հիմա աշխատում են։

«Այս ամենն իրականացնելու ու վերջնական նպատակին հասցնելու համար անհրաժեշտ է մեր բոլորի մասնակցությունը։ Շրջափակումը ամենավտանգավոր իրավիճակն է, բայց ելք միշտ էլ կա։ պարզապես պետք է հասկանալ, որ պատերազմը չի ավարտվել»։

Արդեն կա ճանապարհային քարտեզ ու հստակ քայլերի հաջորդականություն՝ ինչպես պետք է իրականացնեն առաջիկա ծրագրերը։ Թեև շրջափակումն ամեն օր ստեղծում է հավելյալ խնդիրներ, սակայն  ամեն ինչ անում են ծրագրերն առավելագույնս իրականացնելու համար։