
Ընտրություններից առաջ կողմերից մեկին սատարելը ժողովրդավարական չէ․ Ռոբերտ Ամստերդամը՝ Հայաստան ԵՄ առաքելություն ուղարկելու մասին
Հայաստանի կառավարությանը տրամադրվում է արագ արձագանքման խումբ, և որքանով տեղյակ եմ, հենց Կառավարությունն է խնդրել այդ աջակցությունը։ Մենք կասկածներ ունենք, որ այս թիմն այստեղ նույն գործունեությունն է ծավալելու, ինչ նախկինում արել է մի շարք այլ երկրներում՝ համաձայն ԱՄՆ կոնգրեսի զեկույցի նկարագրության․ բրիտանական GB News-ին տված հարցազրույցում ասել է Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։
«Եվ չնայած մենք կողմ ենք Եվրամիության բաց ու թափանցիկ ներգրավվածությանը, քանի որ դեմ ենք ցանկացած օտարերկրյա միջամտության, լինի դա ռուսական, ադրբեջանական, թե որևէ այլ կողմից, այդուհանդերձ գտնում ենք, որ նման քայլ ձեռնարկելիս Եվրոպական միությունը պետք է անհապաղ թափանցիկ գործի բոլոր քաղաքական ուժերի հետ։ Ընտրություններից առաջ կողմերից մեկին սատարելը ժողովրդավարական չէ, չի համապատասխանում իրավունքի գերակայությանը և կարող է միջամտության վերաբերյալ բազմաթիվ ենթադրությունների տեղիք տալ»,- ասել է նա։
Փաստաբանն անդրադարձել է նաև Բաքվում հայերի շինծու դատավարություններին։
«Ադրբեջանցիները ցուցադրական դատավարություններ են անցկացնում և պատանդ են պահում մոտ 2 տասնյակ մարդկանց, որոնց ապօրինի դատում են, իսկ Փաշինյանը նույնիսկ չի էլ խոսում այդ մասին։ Փաշինյանն իր տեսակով, որքան էլ տարօրինակ հնչի, ինձ հիշեցնում է Պոլ Պոտին (կամբոջացի գործիչ, որի կառավարման տարիներն ուղեկցվել են զանգվածային բռնաճնշումներով և սովով-Խմբ․)։ Նա փորձում է վերախմբագրել Հայաստանի պատմությունը։ Նա ցանկանում է հրաժարվել Անկախության հռչակագրից, փոխել երկրի խորհրդանիշները, տեղի է տվել ադրբեջանական շահերին, և ոչինչ չի արել Արցախից բռնի տեղահանված ու Հայաստանում դժվարությունների մեջ հայտնված 120 000 քաղաքացիներին սատարելու համար։
Ինչ վերաբերում է այս ընտրություններին, մենք ընդամենն ուզում ենք, որ Փաշինյանը ներկայանա իր իրական կենսագրությամբ ու արած գործերով։ Եթե նա ընտրություններին գնա առանց կողմնակի միջամտությունների, որևէ խնդիր չի լինի։ Խնդիրն այս բռնապետին սատարելու միասնական ճիգն է, ինչը մեզնից շատերի համար անհասկանալի է»,- ասել է նա։


