
Օրեր առաջ հայր դարձած 27-ամյա վարորդը վթարի հետևանքով մահացել է
Սեպտեմբերի 12-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 4 վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է․ գրում է shamshyan.com-ը։
«Այդ օրը «Սևան» բժշկական կենտրոնից ՆԳՆ ՈստիկանությանՍևանի բաժին ահազանգ է ստացվել, որ վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 27-ամյա Տիգրան Ղ-ն, գիտակցության չգալով, ժամեր անց մահացել է։
Նախնական տեղեկություններով վիրավորներն են «Nissan Tiida»-ի վարորդ, Երևանի բնակիչ 22-ամյա Ռուբեն Մ․-ն, ուղևոր՝ Երևանի բնակիչ 21-ամյա Հրանտ Բ․-ն և Տիգրան Ղ․-ի ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 57-ամյա Հրայր Ղ․-ն։
Իսկ մահացած Տիգրան Ղ-ն սեպտեմբերի մեկին էր զավակ ունեցել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում՝ Չկալովկա բնակավայրի վարչական տարածքում, բախվել էին Երևանի բնակիչ 22-ամյա Ռուբեն Մ.-ի վարած «Nissan» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Տիգրան Ղ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինն օգնության էին հասել քաղաքացիները, վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցները ու ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել էին «Սևան» բժշկական կենտրոն։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն էին ցուցաբերել։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ»,- նշում է լրատվամիջոցը։


