
«Թուրքն ապրիլի 24-ին ծնված հայ երեխայի ձայնից ավելի է սարսափում, քան թնդանոթի ձայնից»․ մի ընտանիքի պատմություն
Գյումրեցի Փահլևանյան Սուրիկը 1956 թվականի ապրիլի 24-ին եղբայրներին հավաքել ու խմում էր․ կինը՝ Ասլանյան Էմման, լույս աշխարհ էր բերել աղջկան՝ Քնարիկին: Հետո դա լինելու էր միակ ապրիլի 24-ը, երբ Սուրիկը խմելու էր ուրախության համար․ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրն ընտանիքի պատմությունն է նկարագրել Գյումրիի «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։
«Դրանից հետո բոլոր տարիներին Քնարիկի ծնունդը չէր նշվում: Սուրիկն ուղղակի բաժակ էր բաձրացնում, հազար ողորմի տալիս Ցեղասպանության անմեղ զոհերին ու աղջկան ասում․ «Նան ջան, բարո՛վ ես ծնվել»։
1974-ին, երբ Սովետում փոխում էին անձնագրերն ու ծննդականները, Սուրիկը աղջկան տանում է փաստաթղթերը փոխելու։ Անձնագրայինի աշխատակցուհին զգուշորեն դիմում է Սուրիկին.
– Հայրիկ ջան, եթե կուզե՞ս, ապա կռնանք Քնարիկի ծնունդի օրը օրըմ շուտ կամ օրըմ ուշ գրենք՝ ապրիլի 23 կամ 25․ որ գոնե ծնունդը նշել կռնանա:
– Չէ աղջիկ ջան, գըրե 24: Թուրքը էդ օրը ծնված հայ էրեխու ձայնից ավելի կըսարսափի, քան՝ թնդանոթի ձենից։
Այսօր մայրս՝ Փահլևանյան Քնարիկը, դառնում է 70 տարեկան․ առո՛ղջ էղի, մեր ջան ու մեր բոլորի գլխից անպակաս:
Հ․Գ․ Հազար ողորմի Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերին: Սուրիկ ջան, Էմմա ջան, շիրիմներիդ հանգստութուն էղնի»,- պատմությունն ավարտել է Մխիթարյանը։


