27 Ապր
2026
16° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ո՞վ է Կանդազը․ հերոսական պատմություններից մինչև հակասական հրապարակումներ 

Ո՞վ է Կանդազը․ հերոսական պատմություններից մինչև հակասական հրապարակումներ 

Արթուր Ավանեսյանը՝ Կանդազ մականունով հայտնի հետախույզը, իր զինվորական ճանապարհը սկսել է դեռ 90-ականների սկզբին։ Սկզբում նա բոլորովին այլ կերպ է պատկերացրել իր ապագայն․ ուզում էր ֆուտբոլիստ դառնալ և 1986 թվականին հայրենի Մաղավուզ գյուղից մեկնել է Մոսկվա՝ սպորտային ուսումնարանում սովորելու։

Սակայն 1988 թվականի իրադարձությունները փոխում են նրա կյանքի ընթացքը։

«1988 թվականին փողոցում տեսա՝ մարդիկ ցույց էին անում, պաստառների վրա գրված էր «Ղարաբաղ»։ Զարմացա, ասեցի՝ մեր Ղարաբաղի համա՞ր են ցույց անում։ Էդ ժամանակ ես իրականում չէի էլ հասկանում՝ ինչ է կատարվում Արցախում։

1990-ին վերադարձա Հայաստան։ Հայրս ավտոբուսի վարորդ էր, ավտոբուսի վրա կրակել էին։ Չէի հասկանում՝ ինչ է կատարվում, չէի պատկերացնում, որ Սովետական միությունում կարող են նման բաներ լինել։ Սումգայիթ, Բաքվի ջարդեր … ամբողջ աշխարհը խառնվել էր»,- հարցազրույցներից մեկում պատմել էր Ավանեսյանը։

Երբ վերադարձել է հայրենի գյուղ որոշել է միանալ Արցախի ինքնապաշտպանական ուժերին։ Ավանեսյանն ընդգրկվել է Լեոնիդ Ազգալդյանի ջոկատում, որտեղ էլ սկսել է իր մարտական ճանապարհը։ Խիստ կարգապահությամբ հայտնի այդ ջոկատում ծառայելու ընթացքում Արթուր Ավանեսյանը, ինչպես ինքն էր պատմում, շատ բան է սովորել թե՛ մարտ վարելու, թե՛ հետախուզական աշխատանք իրականացնելու մասին։

Կանդազ մականունով հայտնի Արթուր Ավանեսյանը իր անվան շուրջ պտտվող պատմությունների մասին հաճախ ասում էր՝ «առանց ծուխ կրակ չի լինում»։

Նա տարիներ շարունակ ծառայել է հետախուզական ստորաբաժանումներում՝ նախ որպես վաշտի հրամանատար, ապա նաև՝ զորամասի հետախուզության պետ։ Այդ ընթացքում, ինչպես ինքն էր նշում, բազմիցս մասնակցել է հետախուզական և դիվերսիոն առաջադրանքների՝ անցնելով հակառակորդի թիկունք։

Առաջին դիվերսիոն գործողությունը Ավանեսյանն իրականացրել է 1997թ․-ին։

Այդ օրերին ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից հայ դիրքապահ էր զոհվել։ Հակառակորդին պատժելու համար նա մտել է մոտակա ադրբեջանական գյուղ։

«Եթե շատ ուզեի, ինձ այդ գյուղում գյուղապետ էլ կընտրեին»,– կատակով պատմում էր Կանդազը։

Գյուղ մտնելուց հետո նա ականապատել է գյուղի մոտ գտնվող դիրքը և դուրս եկել։ Ադրբեջանցի դիրքապահները պայթել են այդ ականների վրա։

Հետագայում լեգենդար հետախույզը բազմաթիվ այդպիսի գործողություններ է իրականացրել։

Կանդազ մականունը ստացել է 1992 թվականին՝ Քարագլուխ բարձունքի պաշտպանության ժամանակ։ Նրա պատմելով՝ մարտական իրավիճակում առաջ շարժվելիս օգնականը նրան դիմել է «կանդա՞զ ես» բառով, ինչը թալիշերենում նշանակում է ինքնագլուխ, անկառավարելի մարդ։

Գրեթե բոլորը, ովքեր ծառայել են Արցախի Պաշտպանություն բանակում գոնե մեկ անգամ լսել են Կանդազի մասին պատմություններն ու լեգենդները։

Միևնույն ժամանակ, նրա անունը կապվել է նաև տարբեր վիճահարույց հրապարակումների հետ, որոնք վերաբերում են տարբեր տարիների իրադարձություններին։

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակով մասնակցելու հայտարարությունից հետո մամուլում տեղեկություններ հայտնվեցին, թե նա 2008-ի մարտի 1-ի դեպքերի ժամանակ Քոչարյանի հրամանով Արցախից ժամանած ստորաբաժանումների կազմում է եղել։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային թիմի ղեկավար, գնդապետ-հետախույզ Արթուր Ավանեսյանը անդրադարձել էր Աննա Հակոբյանի՝ դասալիքների մասին հայտարարությանն ու ասել․ «Մեր զինվորները դասալիք չեն, նրանք կռվում էին առյուծի նման, իսկ ձեր ամուսինը թողեց մեր զինվորին անպաշտպան, առանց զենքի»:

Աննա Հակոբյանը որոշել էր անարձագանք չթողնել հետախույզի տեսանյութ-հիշեցումը:

«Չեմ կարողանում մտաբերել այս անձնավորությանը 44-օրյա պատերազմի ժամանակ։ Աչքովս ընկած կլիներ անպայման, և, իհարկե, տպավորված կլիներ, դժվար թե մոռանայի։ Իսկ պատերազմի մասին նրա ինֆորմացվածության աստիճանն ու ներհայաստանյան ընդամենը մեկամսյա վաղեմության սենսացիոն նորության մասին ինֆորմացվածության աստիճանը ուղիղ համեմատական են։ Ակնհայտորեն երկուսից էլ գաղափար (լուր) չունի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

Այսօր էլ հայտնի դարձավ, որ արցախյան պատերազմների մասնակից Արթուր Ավանեսյանին Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է՝ ենթադրյալ կաշառքի գործով։

 

 

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026