
Անձնագիրը փոխելու նպատակն ամեն գնով ՀՀ 35-ամյա ավանդույթները քանդելն է․ Սարհատ Պետրոսյան
Առավոտյան «վիրալ» գնացած անձնագրերի «ձիզայնի» մասին խոսակցությունը ցավոք գնաց սև-սպիտակ, արևմամետ-ռուսամետ, վիլայեթ-գուբեռնիա մակարդակով։ Իրար արժեն(ք) ինչ խոսք․ գրում է ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը։
«Ես սպասում էի դիզայներային սեգմենտը ներկայացնի իր դիրքորոշումը, բայց արդեն նշածս պատճառներով, իրենք խուսափում են ոնց որ։ Դե ես ինչպես միշտ չունեմ խնդիր «քաղաքական պիտակավորման», ուստի փորձեմ ասել իմ կարծիքով խնդիրները։
Մենք ունենք ավանդույթներ որոնց մի մասը ժառանգել ենք նախորդ հանրապետություններից (դրոշ ու գերբ առաջին հանրապետությունից, շենքեր իրենց սիմվոլիկայով ու էլի բաներ՝ երկրորդ՝ խորհրդային հանրապետությունից), և ունենք մեր երրորդ հանրապետության ավանդույթները։ Հիմա որն է մեր ունեցած կապույտ անձնագիրը կարմիրի փոխելու տրամաբանությունը։ Վստահ եմ այն գուբեռնյա-վիլայեթ ծիրում չէ, այլ ավելի շատ՝ անկախության հռչակագիրը փոխել ծիրում։ Նա ամեն գնով ցանկանում է քանդել Հայաստանի Հանրապետության 35-ամյա ավանդույթները… ահա նպատակը։
Հետո գալիս է քարտեզի պահը։ Բնականաբար «իրական» Հայաստանի ու ստից խաղաղության շրջանակում քարտեզ խցկելը տրամաբանական էր այս իշխանության կողմից։ Շատ հանգիստ կարելի էր ուղղակի չդնել քարտեզ, բայց դե «երեխան բութ է և շատակեր» ու անպայման ուզում է սադրել։
Անձնագիրը զբոսաշրջային գրքույկ չի, և կարիք չկա ինչ որ տրամաբանությամբ խցկել ամեն ինչ, անհասկանալի տրամաբանությամբ ինչ-որ բովանդակություն բերել ու շարել իրար կողքի։ Գոռ Մադոյանը գրել է պետական շենքերի հերթականության մասին, ես կարող եմ գրել զոռով բերդապարիսպներ ներառելը, որի մասին մի քանի անգամ ասել ու գրել եմ, որը նույնպես ունի իր քաղաքական օրակարգը սպասարկելու խնդիր։ Կարելի է փորձել հասկանալ չոլի մեջտեղը ողջ ընտանիքով լավաշ թխելու նպատակն ու ազգագրական հիմքերը, բայց իրոք արժի՞ որ։
Կարելի է Արտաշեսյանների սահմանաքարերի մասին գրել, թե ի՞նչ կապ ունեն, եթե ոչ իշխանական սահմանազատման քարոզի։ Ու մեկ էլ ամբողջ օրը խորհրդային շրջանի «ազգային միֆերի» մասին խոսելով Էրեբունի ամրոցի վերականգնումը դնել, և այսպես շարունակ… Իսկ Խոր Վիրապին թարս կողմից նայելն էլ տես վերևում։
Առանձին կարելի է խոսել վատ, տրիվիալ ու սիրողական գրաֆիկայի մասին, որը պարզվեց ինչ որ հայկական հաջողված ստարտափում են արել։ Նման դեպքում, անում են պայմանական գրաֆիկա, ավելի շատ հիշեցնելով նույն բովանդակությունը, որպես pattern կամ ֆոն, բայց ոչ վատ (կամ անտաղանդ) «ներկիր ինքդ»-ի մակարդակի նկարներ։ Խնդրում եմ ուշադրություն դարձրեք ԱԺ-ի շենքի դիմացի աղջկա ու շենքին համաչափությունների, Արագածի ու լեռնագնացների հարաբերակցությանը, Կասկադին ու շրջակա չեղած շենքերին, Գառնիում եկեղեցու վրա նստած զույգի չափերին։ Էլ չեմ ասում չոլի մեջտեղը լավաշ թխողներին, ու հատկապես տղամարդու դեմքին (կամ առհասարակ տղամարդիք լավաշ թխում է՞ին)։
Կարծում եմ, գրաֆիկական դիզայնով ու հարակից ոլորտների մասնագետները ևս կարող են ինչ որ բաներ ավելացնել, ու բնավ չեմ հավակնում գրել բոլոր խնդիրները։
Չեմ ընդունում, որ սա հերթական իշխանական խոսույթի տակ պարելու առիթ է։ Անձնագիրն իրոք բառիս բուն իմաստով ինքնիշխանության կարևոր բաղադրիչ է, ու եթե դպրոցական դասագրքերով մեր պատմությունը խեղելու փորձերի համար ինչ որ լուծումներ դեռ կգտնենք, բայց սա իրոք խայտառակություն է, ի թիվս այլ խայտառակությունների»,- նշել է նա։


