
Փաշինյանն իր նախընտրական քարոզարշավը կառուցում է՝ շահագործելով «հանրային հոգնածությունը» և խաղաղության հայեցակարգը․ МК
ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը զգուշացրել է, որ հայերը կարող են նույն ճակատագրին արժանանալ, ինչ քրդերը՝ դառնալով «պետություն չունեցող ժողովուրդ»:
«Նման սցենարը բացարձակապես չի կարելի բացառել», – նշել է նա:
Ռուս-հայկական միջազգային «Լազարյան ակումբի» 7-րդ համաժողովի մասնակիցներն այս մռայլ եզրակացություններն արել են՝ հիմնվելով Հայաստանի ներկայիս կառավարության, առաջին հերթին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության վերլուծության վրա: Ելույթ ունեցողների մեծ մասը կարծում է, որ դա սպառնում է ռուս-հայկական ռազմավարական գործընկերությանը, ինչը կհանգեցնի նրան, որ Հայաստանը ոչ միայն կբախվի նոր անվտանգային սպառնալիքների, այլև զգալի տնտեսական կորուստների:
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն ընդգծել է, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներից անկախ՝ Հայաստանը կմնա շատ կարևոր երկիր Ռուսաստանի համար, առաջին հերթին՝ այն պատճառով, որ Ռուսաստանում է ապրում ամենամեծ հայկական սփյուռքը: Նա նշել է, որ առաջիկա ընտրություններն առաջինն են Հայաստանում՝ Ղարաբաղի կորստից հետո, և դրանք կփորձարկեն 2018 թվականից հետո Հայաստանում ստեղծված համակարգը։
Ինչպես գրում է «Московский Комсомолец»-ը, իշխանության գալուց ի վեր Փաշինյանը հետևողականորեն վարել է «ախտահանման»՝ քաղաքական տարածքի մաքրման քաղաքականություն։ Հետևաբար, այսօր մնացել է միայն երկու ինքնավար, կառավարության վերահսկողությունից դուրս կառույց՝ Եկեղեցին և սփյուռքը։
Փաշինյանը շահագործում է «հանրային հոգնածությունը» և խաղաղության հայեցակարգը՝ բոլորին համոզելով, որ եթե ինքը չմնա իշխանության, պատերազմ կլինի։ Իսկ եթե պատերազմ լինի, պետություն չի լինի։ Նա համոզում է ընտրողներին, որ բոլոր նրանք, ովքեր դեմ են իրեն, ենթադրաբար կողմ են պատերազմին։ Ահա թե ինչի վրա է նա կառուցում իր նախընտրական քարոզարշավը։
Ըստ պարբերականի՝ հայկական ընտրություններն ունեն նաև աշխարհաքաղաքական չափում։ Դրանք կարող են դառնալ իրադարձություն, որը կփոխի Հարավային Կովկասի ամբողջ քաղաքական լանդշաֆտը։
Հայաստանը վաղուց Ռուսաստանի դաշնակիցն է, նույնիսկ միակ դաշնակիցը տարածաշրջանում։ Եթե այստեղ գերակշռի Ռուսաստանից հեռանալու միտումը, դա կտրուկ կփոխի իրավիճակը։


