
«Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր
Ապրիլի 29-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցութան նախագահ Սամվել Կարապետյանն ընդունել է «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման ներկայացուցիչներին․ հանդիպմանը ներկա էին նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքի և «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար կազմի ներկայացուցիչները․ հայտնում են «ՀայաՔվե»-ից:
«Հանդիպման ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի ներկայությամբ «Ուժեղ Հայաստան» դաշինքի համակարգող-ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը և «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որով կողմերը հանձն են առել միավորելու իրենց ջանքերը՝ Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրության միջոցով հասնելու գործող վարչախմբի հեռացմանը և նոր ազգային իշխանության ձևավորմանը։
Այդ նպատակով «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը համաձայնել են միասին իրականացնել նախընտրական քարոզարշավը՝ ելնելով իրենց քաղաքական ծրագրերի առավելագույն համադրումից, ինչպես նաև՝ համատեղ իրականացնել ընտրական գործընթացի օրինականության վերահսկողությունը», – նշված է «ՀայաՔվե»-ի տարածած հայտարարության մեջ։


