
«Քյարքին, Բարխուդարլուն և Յուխարի Ասկիպարան Հայաստանի տարածք չեն, սա փաստ է, որին պետք է առնչվենք»․ Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով
Ես Ղարաբաղի հետ կապված որոշումներով Հայաստանը դուրս եմ բերել չլինելիության թակարդից, և ես հպարտ եմ դրա համար․ այսօր ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի ճեպազրույցը ներկայացնում ենք կետերով․
- ԵԱՏՄ 4 երկրների ղեկավարների հայտարարության մեջ արձանագրված է, որ նրանք պաշտպանում են հանրաքվե անելու գաղափարը։ Հանրաքվե անելու այդ գաղափարն իրականում մեզ է պատկանել, որ ինչ-որ փուլում պետք է հանրաքվե լինի։ Այդ հայտարարությունը ես չեմ ընկալել որպես պահանջ, ընկալել եմ որպես բարեկամական ժեստ, որովհետև մարդիկ ասել են՝ կիսում են այդ տեսակետը։
- Նախկինում մենք մի ռազմավարական ուղղություն ունեինք, հիմա՝ բազմաթիվ ուղղություններ։
- Մենք արձանագրում ենք, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Կտրիճ Ներսիսյանի ձեռամբ կանոնական ծիրից դուրս է բերվել, և այստեղ օրակարգ կա, որ պետք է հասցեագրվի։ Օրակարգը գրված է Կառավարության 5-ամյա ծրագրում։
- Եթե հենց հիմա էլ ՌԴ շուկան 100%-ով բացվի, մենք ջանք կգործադրենք դիվերսիֆիկացիայի համար։
- Ես խնդիր եմ տեսնում՝ Գագիկ Ծառուկյանն այս ամբողջ ընթացքում ինչի՞ է եղել ազատության մեջ։ Ես հրապարակային ասել եմ՝ մեր դատաիրավական համակարգը շատ դեպքերում վերնախավերի հետաքրքրությունների արտահայտիչն է։ Այստեղ կա պրոբլեմ՝ դա այդպես է սահմանադրական կարգավորումների բերումով։
- Էսօր ասում են՝ քաղաքական հետապնդում։ Ես հակառակն եմ ասում՝ տասնյակ տարիներ եղել է քաղաքական չհետապնդում։ Մաֆիոզ կապերով, նույնիսկ մեր իշխանության տարիներին, որտեղ ինչ հարց ուզել, լուծել են։
- 2 մլրդ դոլարի գույք պետք է վերադարձվի մինչև 2031 թվականը, և ոչ միայն Ծառուկյանից։
- Ես Ղարաբաղի հետ կապված որոշումներով Հայաստանը դուրս եմ բերել չլինելիության թակարդից, և ես հպարտ եմ դրա համար։
- Մեր կառավարման օրոք Ղարաբաղին 1 մլրդ դոլար հավելյալ ֆինանսավորում ենք տվել։
- Վրաերթի են ենթարկվել զինվորներ, որոնցից մեկը, ցավոք, զոհվել է։ Այս դեպքն էլ է այն մասին, թե մեր պրոբլեմներն ինչ համակարգային նշանակություն ունեն։ Շահագործման ոչ ենթակա մեքենան քիչ չի՝ վարում են, բարձում են, ու մի հատ էլ այդ միջադեպն է տեղի ունենում։
- Քյարքին (Տիգրանաշեն), Բարխուդարլուն և Յուխարի Ասկիպարան (Վերին Ոսկեպար) Հայաստանի տարածք չեն. սա փաստ է, որին պետք է առնչվենք։


