
ԲՀԿ-ն ներկայացրել է նախընտրական ծրագրի հիմնական դրույթները
Ազգային ժողովի ընտրությունները մեր երկրի ապագայի մասին են. դրանք պետք է տան հետևյալ առանցքային հարցերի պատասխանները. երաշխավորված խաղաղությո՞ւն, թե՞ շարունակական զիջումներ, համերաշխությո՞ւն, թե՞ պառակտում, բարեկեցությո՞ւն, թե՞ աղքատություն․ նախընտրական ծրագրի հիմնական դրույթներն է ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։
«Երաշխավորված խաղաղություն
Մենք առաջարկում ենք քաղաքականություն, որի առանցքային սկզբունքն է տարածաշրջանում ռազմավարական հավասարակշռության վերականգնումն ու պահպանումը՝ քաղաքական, ռազմական և տնտեսական հարթություններում, որպես հակամարտությունների կանխարգելման և երկարաժամկետ կայունության ապահովման հիմք։ Երաշխավորված և կայուն խաղաղության հասնելու համար Հայաստանի Հանրապետությունը պետք է հենվի սեփական պաշտպանական, ինստիտուցիոնալ և տնտեսական կարողությունների, դաշնակցային և գործընկերային հարաբերությունների համակարգի, որևէ մեկ ուժային կենտրոնից միակողմանի կախվածությունը բացառող՝ հաշվարկված և հավասարակշռված արտաքին քաղաքականության և միջազգային անվտանգության մեխանիզմների ու միջնորդական ձևաչափերի զարգացման վրա։ Այս մոտեցումը միտված է ձևավորելու միջավայր, որտեղ Հայաստանի անվտանգությունն ապահովվում է ոչ թե հռչակագրերով, այլ՝ ուժերի, շահերի և փոխադարձ պարտավորությունների կայուն հավասարակշռությամբ։
Հավասարակշռված արտաքին քաղաքականություն
Հայաստանն իրականացնելու է հավասարակշռված արտաքին քաղաքականություն, որը միտված է լինելու պետական ինքնիշխանության ամրապնդմանը, արտաքին քաղաքական ռիսկերի նվազեցմանը և տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը։
Համագործակցության հիմնական ուղղություններն են.
Ռուսաստանի Դաշնություն և Իրանի Իսլամական Հանրապետություն. տարածաշրջանային անվտանգության, էներգետիկայի և տրանսպորտային փոխկապվածության ոլորտներում հիմնական դաշնակիցներ,
Եվրոպական Միություն և Ամերիկայի Միացյալ Նահանգներ. համագործակցություն ներդրումների, տեխնոլոգիաների, ինստիտուցիոնալ զարգացման և տնտեսական արդիականացման ոլորտներում,
Վրաստան. տրանսպորտային միջանցքների, տարանցման, էներգետիկ և առևտրային ենթակառուցվածքների զարգացում։
Թուրքիա. փոխադարձության և փոխշահավետության հիման վրա հարաբերությունների՝ առանց նախապայմանների փուլային նորմալացում։
Մեր արտաքին քաղաքականությունը նախատեսում է ուղղությունների գործառութային տարանջատում.
Անվտանգության և հակամարտությունների կարգավորման ուղղություն՝ առանձին դիվանագիտական հարթակ,
Տնտեսական և տրանսպորտային համագործակցության ուղղություն՝ ինտեգրացիոն առանձին ձևաչափ, երկկողմ քաղաքական հարաբերություններ՝ ինքնուրույն համագործակցության ձևաչափեր։ Հայաստանը պետք է աջակցի միջազգային բանակցային և միջնորդական ձևաչափերի կիրառմանը և զարգացմանը։ Դրանք իրականացվելու են կողմերի համաձայնությամբ և թափանցիկ, փաստաթղթավորված պայմանավորվածությունների հիման վրա։
Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորում
Մենք միանշանակորեն կողմ ենք խաղաղ կարգավորմանը, բայց՝ առանց միակողմանի զիջումների։ Մեր ծրագրային մոտեցումը հետևյալն է.
Սահմանի սահմանագծում և սահմանազատում ողջամիտ ժամկետում և իրավական հիմքով,
Ռազմագերիների անվերապահ վերադարձ՝ որպես վստահության ձևավորմանն ու խաղաղ գործընթացին նպաստող կարևորագույն հանգամանք,
Արդար և կայուն խաղաղության ապահովման համատեքստում Արցախի հայության հիմնարար իրավունքների ճանաչման և պաշտպանության հետևողական առաջ մղում, ներառյալ վերադարձի իրավունքը` միջազգային իրավունքի և միջազգային մեխանիզմների շրջանակում,
Ներքին որոշումները չեն կարող կայացվել արտաքին ճնշման տակ, Սահմանադրության ու քաղաքական համակարգի վերաբերյալ որոշում կայացնում են բացառապես մեր երկրի քաղաքացիները։
Առավել մանրամասն՝ այստեղ։

