
Նախագահն առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Քոչարյանի գրասենյակը՝ Փաշինյանին
Տղամարդուն հարիր չէ նոր վիրահատված մարդուն դիտավորյալ ապօրինի նստեցնել, հետո այդ մարդու առողջական վիճակի մասին վայրահաչել ու ինքնահաստատվել․ հայտարարել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․
«Նախագահի տարած բժշկական միջամտության մասին արդեն բոլորին է հայտնի, և նման միջամտության ենթարկվում են հազարավոր մարդիկ։ Նախագահն ինքն է արգելել այդ միջամտությունը դարձնել կալանքը մեղմելու միջնորդության առարկա։ Իսկ Նիկոլի և Ալիևի բաղձալի կալանքի նիստի մեկ օրով հետաձգումը եղել է բժիշկների ցուցման համաձայն։
Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը։
Կան ղեկավարներ, որ խաղաղ և արժանապատիվ կառավարում են իրենց երկիրը, հասնում են թոշակի տարիքի և առողջ ապրելակերպի շնորհիվ կարողանում են տուռնիկի վրա բարդ վարժություն անել, և կան ղեկավարներ, որոնք անարժանապատիվ կերպով քարշ են տալիս իրենց գոյությունը, չեն հասնում թոշակի տարիքին, քանի որ ժողովուրդը նրանց կախում է տուռնիկից։
Մուսոլինիի պատկերը համացանցում կա, կարող են ծանոթանալ․ տուռնիկի նման մի բանից է կախված»։
Հիշեցնենք, որ Փաշինյանն այսօր ճեպազրույցի ընթացքում խոսել էր կալանավորված նախկին պաշտոնյաների առողջական վիճակի վրա ու հիշել, որ կալանքից առաջ Քոչարյանը «տուռնիկի վրա» պտտվել էր։


