
Ինչո՞ւ է Հայաստանում դիզվառելիքը թանկանում
Նավթի համաշխարհային գինը կրկին հատել է 100 դոլարի շեմը, և թանկացման ալիքը հասել է նաև Հայաստան։ Վերջին օրերին հայկական բենզալցակայաններում վառելիքի գինը բարձրացել է շուրջ 30 դրամով։ Premium տեսակի բենզինի մեկ լիտրի արժեքը որոշ լցակայաններում արդեն գերազանցում է 600 դրամը։
Գնային փոփոխություններին արձագանքել է նաև Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը․ կառույցը համապատասխան գրություններ է ուղարկել տնտեսվարողներին՝ պարզաբանումներ ստանալու նպատակով։
«Սա պայմանավորված է աշխարհաքաղաքական իրադրությունով։ Եթե նայենք, վերջին 6 տարվա ընթացքում 2 զգալի աշխարհաքաղաքական իրողություն է եղել, որոնք անդրադարձել են նավթամթերքի գների աճի վրա, և, ընդհանուր առմամբ, ներքին շուկայում գները ոչ թե պայմանավորված են ներքին օլիգոպոլիկ դրությամբ, ինչպես շատերը կարծում են, այլ համաշխարհային նավթի գներով, և եթե համաշխարհային նավթի գներն աճում են, ապա 3-6 ամսվա ընթացքում դրանք սկսում են բարձրանալ Հայաստանի Հանրապետությունում»,-ABC Media-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Աղասի Թավադյանը։
Թավադյանը հիշեցրեց, որ առաջին հարվածը 2022 թվականի սկզբին էր, երբ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմի թեժ շրջանը:
«2022 թվականի փետրվարի վերջին միանգամից բարձրացան նավթամթերքի համաշխարհային գները։ Երեք ամիս հետո ներքին շուկայում բարձրացան դրանց գները․ 2022 թվականի ամռանը դիզելի գինը հասավ մինչև 670 դրամ։ 11 ամիս անց բենզինի և դիզելի գները հանդարտվեցին ներքին շուկայում։ Այս պահին գների աճը պայմանավորված է երկու զգալի համաշխարհային ցնցմամբ, որոնք վերջին 6 ամսում տեղի ունեցան։ Առաջինը Հորմուզի նեղուցի փակումն է, երկրորդը՝ Պարսից ծոցի երկրների նավթավերամշակման գործարանների վնասումը, որը հանգեցրեց համաշխարհային գների աճի, ինչն էլ իր հերթին բերեց ներքին շուկայում գների աճի 3 ամիս հետո»,- ասաց տնտեսագետը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանում տեղակայված նավթամթերքի վերամշակման գործարանների վրա ԱԹՍ-ների հարձակումը հանգեցրեց նրան, որ ռուսական շուկայում բենզինի հերթեր գոյացան։
Ռուսաստանը, ըստ նրա, այս տարվա կեսից որոշեց, որ դիզելի և այլ նավթամթերքի արտահանման սահմանափակումներ է սահմանում, որոնք չպետք է տարածվեին ԵԱՏՄ երկրների վրա, որովհետև, ըստ ԵԱՏՄ համաձայնագրի, անդամ պետությունների միջև պետք է լինի ապրանքների ազատ տեղաշարժ․ «Բայց այս տարի տեսնում ենք, որ դա այդպես չէ։ Մենք տեսնում ենք, որ ոչ թե հիմնականում Ռուսաստանից է գալիս բենզինը, այլ գալիս են Սևծովյան և Միջերկրածովյան ավազանի երկրներից։ Եթե նայում ենք մեր տարածաշրջանի երկրները, մեզ մոտ դիզվառելիքը գրեթե ամենաթանկն է»։
Սեդա Մակարյան


