
Ալիևի «մեծ վերադարձը»․ միլիարդների վերակառուցում, վերահսկվող վերաբնակեցում և իշխանությանը մոտ բիզնեսների շահերն Արցախում
Լուսանկարում՝ դիվանագիտական կորպուսի անդամների այցն Արցախ
Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ ինքը և դիվանագիտական կորպուսի անդամները 22-րդ անգամ այցելել են Արցախ։ Նա այս մասին գրել է X-ի իր էջում։
«Վերջին 6 տարվա ընթացքում մենք ականատես ենք եղել Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում մեր աչքի առաջ տեղի ունեցող տպավորիչ և օրինակելի վերափոխման։ Այսօր այս հողերն ապրում են վերածննդի իրական շրջան», – նշել է նա գրառման մեջ։
Ադրբեջանի իշխանությունն Արցախում իրականացվող վերակառուցման և բնակեցման ծրագիրը ներկայացնում է որպես «Մեծ վերադարձ»՝ «տասնամյակներ շարունակ տեղահանված ադրբեջանցիներին իրենց «պատմական հայրենիք» վերադարձնելու պետական նախագիծ»։ Պաշտոնական Բաքվի ներկայացմամբ՝ խոսքը բացառապես վերականգնման, սոցիալական արդարության և նախկին «ներքին տեղահանվածների» իրավունքների վերականգնման մասին է։ Սակայն Ադրբեջանի պետական փաստաթղթերի, ադրբեջանական լրատվամիջոցների, պետական գնումների տվյալների և միջազգային կազմակերպությունների հրապարակումների համադրությունը բացահայտում է մեկ այլ՝ ավելի բարդ պատկեր։ Այստեղ միաժամանակ գործում է 4 համակարգ՝
1․ ժողովրդագրական վերաբնակեցում,
2․ պետական միլիարդների ծախս,
3․ իշխանությանը մոտ բիզնեսների ներգրավում,
4․ խիստ վերահսկվող տեղեկատվական միջավայր։
- Նախ՝ ինչ տեղի ունեցավ Արցախի հայկական բնակչության հետ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին
Ադրբեջանը ռազմական գործողություն սկսեց Լեռնային Ղարաբաղում և ամբողջական վերահսկողություն հաստատեց տարածաշրջանի նկատմամբ։ Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կառուցը, Միջազգային դատարանը և այլ հեղինակավոր ու միջազգային կազմակերպություններ արձանագրել են, որ դրանից հետո ավելի քան 100 հազար էթնիկ հայ՝ գրեթե ամբողջ հայկական բնակչությունը, հեռացավ Հայաստան։
2․ «Մեծ վերադարձը»
Ադրբեջանի կառավարության հետ կապված լրատվամիջոցները գրել են, որ 2025-ի մայիսի սկզբի դրությամբ «Լեռնային Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի շրջանի բնակչությունը» կազմել է գրեթե 43.000։ Մեծամասնությունը՝ ավելի քան 28․000 մարդ, դասակարգվել է որպես ժամանակավոր բնակիչ, որոնք ներգրավված են ենթակառուցվածքների և նոր բնակարանային ֆոնդի կառուցման մեջ՝ «տասնյակ հազարավոր վերադարձողների համար»։ Շրջանի կրթական հաստատություններում սովորում է նաև 1150 ուսանող։
Զեկույցում նշվում է, որ շրջաններ է «վերադարձել» 13․745 անձ, որոնք կարող են համարվել ներքին տեղահանված անձ (ՆՏԱ)։ Ադրբեջանի կառավարության հաշվետվության համաձայն՝ 2025 թվականին տարածքներ է տեղափոխվել 3893 ընտանիք՝ 15․781 մարդ։ Այս ընդհանուր թիվը ցույց է տալիս «հայրենադարձման» տեմպի կտրուկ աճ 2024 թվականի վերջից, երբ պաշտոնյաները «վերադարձողների» թիվը գնահատում էին մոտ 8000։
2026 թվականի փետրվարին ադրբեջանական Caspian News-ը, հղում անելով պետական Azertag-ին, հաղորդել է, որ «Մեծ վերադարձի» շրջանակում մշտական բնակություն է ստացել մոտ 28 հազար մարդ, մինչդեռ ամբողջ տարածաշրջանում ապրողների թիվը գերազանցում էր 73 հազարը։ Հատկանշական է, որ 73 հազարից միայն 28 հազարն են վերաբնակված նախկին ներքին տեղահանվածներ։ Մյուսները հիմնականում շինարարության, պետական ծառայության և այլ աշխատանքների համար այնտեղ գտնվող մարդիկ են։ Այս տարբերակումը պետք է հաշվի առնել, երբ Բաքուն հայտարարում է, թե «տարածաշրջանը բնակեցվում է»։ Բնակչության աճը դեռ չի նշանակում մշտական վերաբնակեցման նույն ծավալ։
«Հայրենադարձության» ծրագրի առաջին փուլը նպատակ ուներ մինչև 2026 թվականի ավարտը տեղավորել 140․000 ներքին տեղահանվածի։ Այդուամենայնիվ, ինչպես ընդգծում է Eurasianet-ը, հաշվի առնելով ադրբեջանական լրատվամիջոցի հրապարակած թվերը, թվում է, թե կառավարությունը դժվարությունների է հանդիպելու այդ նպատակին հասնելու հարցում։ Researching Internal Displacement-ի հրապարակման համաձայն՝ 2022–2025 թվականների միջին տեմպով 140 հազարի թիրախին հասնելու համար կպահանջվեին տասնամյակներ։
Հատկանշական է, որ Ադրբեջանի «հայրենադարձության» թվերը չեն համընկնում Ներքին տեղահանությունների մոնիթորինգի կենտրոնի և Նորվեգիայի փախստականների խորհրդի հրապարակած թվերի հետ՝ ներքին տեղահանվածների ընդհանուր թվի վերաբերյալ։ Կենտրոնի հրապարակած տվյալները ցույց են տալիս, որ վերջին 4 տարվա ընթացքում Ադրբեջանում ներքին տեղահանվածների ընդհանուր թիվն իրականում փոքր-ինչ աճել է։ Կենտրոնի համաշխարհային ներքին տեղահանության վերաբերյալ վերջին զեկույցում 2024 թվականին Ադրբեջանի ներքին տեղահանվածների թիվը կազմել է 658․000, որոնց մեծ մասը ստիպված է եղել լքել իր տունը Լեռնային Ղարաբաղի համար տասնամյակներ շարունակվող պայքարի ընթացքում։ Այդ ընդհանուր թիվը մի փոքր ավելի բարձր է, քան կենտրոնի՝ 2021 թվականի ներքին տեղահանվածների ընդհանուր թվի վերաբերյալ զեկույցում Ադրբեջանում գրանցված 655․000 ներքին տեղահանվածների թիվը։
Նորվեգիայի փախստականների խորհրդի՝ Ադրբեջանի վերաբերյալ 2019 թվականի փաստագրական թերթիկում երկրում ներքին տեղահանվածների ընդհանուր թիվը կազմել է 651․458, որոնք մոտավորապես հավասարապես բաժանված են երկու կատեգորիայի՝ նրանք, ովքեր ունեն «չլուծված» բնակարանային կարիքներ, և նրանք, որոնց «կառավարությունը հաղորդել է որպես ժամանակավոր բնակարաններ տեղափոխվածներ»։
Արդյոք վերադարձը լիովին կամավո՞ր է
2026 թվականի հունիսի 30-ին Ադրբեջանի պետական ՆՏԱ կառույցը հրապարակեց Միլի Մեջլիսի ընդունած ՆՏԱ կարգավիճակի մասին օրենքում փոփոխությունը։ Նոր դրույթով՝ քաղաքացին կարող է կորցնել ՆՏԱ կարգավիճակը, եթե հրաժարվի պետության կողմից առաջարկվող բնակարանային տարբերակից։ Այսինքն, ներքին տեղահանված անձ համարվող մարդը կարող է կորցնել իր կարգավիճակը և սոցիական աջակցությունը, եթե հրաժարվի պետության տրամադրած բնակարանից։ Ինչը կարող է համարվել վարչական ճնշում անձի որոշման կայացման վրա։ Ադրբեջանի պետական համակարգը ինքն է որոշում բնակեցման կազմակերպումը։ Ադրբեջանի ծրագրի համաձայն՝ պետությունը կառուցում է բնակարանները, ենթակառուցվածքները և սոցիալական օբյեկտները, ապա կազմակերպում նախկին ՆՏԱ վերադարձը։ Այսպիսով՝ սա ազատ շուկայի միջոցով տեղի ունեցող միգրացիա չէ։
Հսկայական գումարների երկրորդ կողմը՝ պետական պայմանագրերը
Այստեղ սկսվում է ամենակարևորը՝ ֆինանսական հարցը։ OCCRP-ն և ադրբեջանական Meydan TV-ն 2026 թվականին բացահայտել են, որ Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարությունը $35.6 միլիոնանոց պետական պայմանագիր է տվել PMD Projects LLC-ին՝ «Իմարաթ» մարզադաշտի վերակառուցման համար։ Տվյալ պայմանագիրը հրապարակված է եղել Ադրբեջանի պետական գնումների համակարգում։ Հատկանշական է, որ PMD Projects-ը կապվում է PASHA Holding-ի հետ։ OCCRP-ի հետաքննության համաձայն՝ PMD Projects-ը PMD Group-ի դուստր ընկերությունն է, իսկ PMD Group-ը կապվում է PASHA Holding-ի հետ։
Հետաքննությունը նշում է, որ հանրային ֆինանսական բացահայտումների համաձայն՝ PASHA-ի վերջնական շահառուների թվում են Իլհամ Ալիևի դուստրերը՝ Լեյլա և Արզու Ալիևաները, նրա աներ Արիֆ Փաշաևը և կնոջ զարմիկ Միր Ջամալ Փաշաևը։ Սա վկայում է հնարավոր շահերի բախման, պետական գնումների կենտրոնացման ռիսկերի, իշխանական ընտանիքին մոտ բիզնեսների ներգրավվածության մասին։ Սակայն PMD-ի ներկայությունն Արցախում մեկ պայմանագրով չի սահմանափակվում։ PMD Projects-ը ներգրավված էր Ակնայի բնակելի և հյուրանոցային համալիրի կառուցման մեջ։ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը 2022 թվականին հաղորդել էր Ակնայում 209 բնակարան ունեցող նոր բնակելի համալիրի կառուցման մեկնարկի մասին։ Սակայն սա ընդամենը մեկ օրինակ է։ Պետական ծրագրի ֆինանսական շրջանակը շատ ավելի լայն է, քան բնակարանաշինությունը։ Ադրբեջանի «Մեծ վերադարձի» ծրագիրը ներառում է.
- 26 ճանապարհային նախագիծ,
- 49 ընտանեկան առողջության կենտրոն,
- 39 բժշկական կենտրոն,
- արդյունաբերական գոտիներ,
- ագրոպարկեր,
- դպրոցներ,
- սոցիալական ծառայությունների կենտրոններ։ Այսինքն՝ խոսքը մի քանի տասնյակ միլիարդ մանաթի ամբողջական տնտեսական վերակառուցման մասին է։ Հետևաբար՝ հնարավոր կոռուպցիոն կամ շահերի բախման հետաքննությունը պետք է ներառի ոչ միայն բնակարանները, այլև ամբողջ գնումների շղթան։
Freedom House-ի 2025 թվականի զեկույցի համաձայն՝ 2024 թվականի նոյեմբերից մինչև 2025 թվականի մայիս Ադրբեջանում բանտարկվել է 25 լրագրող, որոնց մեծ մասն աշխատում էր առցանց լրատվամիջոցներում։
Human Rights Watch-ը նույնպես արձանագրել է Abzas Media-ի, Toplum TV-ի և Kanal 13-ի լրագրողների դեմ քրեական գործեր։ Amnesty International-ը հայտարարել է, որ Abzas Media-ի գործն օգտագործվել է անկախ լրագրությունը լռեցնելու համար, և 2025 թվականի հունիսին 7 մեդիա աշխատակից դատապարտվել է երկարաժամկետ ազատազրկման։ Հարց է առաջանում՝ եթե մի պետությունում.
- բնակեցումը կազմակերպում է պետությունը,
- բնակարանները կառուցվում են պետական միջոցներով,
- ՆՏԱ կարգավիճակը կապված է բնակարանային որոշումների հետ,
- վերաբնակեցման գործընթացը ներկայացվում է պետական մեդիայի միջոցով,
- իսկ անկախ լրագրողների նկատմամբ կիրառվում են քրեական հետապնդումներ, ապա հանրային հայտարարությունների լիարժեք անկախությունը պետք է դիտարկել զգուշությամբ։ Հետևաբար, կարո՞ղ է բնակիչը նույնքան ազատորեն հրապարակային քննադատել պետության վերաբնակեցման քաղաքականությունը, եթե նրա բնակարանային և սոցիալական կարգավիճակը կախված է պետական համակարգից։ Ադրբեջանի անկախ մեդիայի նկատմամբ փաստագրված ճնշումների պայմաններում այս հարցը լիովին լեգիտիմ է։
Նարինե Ալավերդյան


