06 Հոկ
2026
17° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ե՞րբ կբացվեն «Օլիմպավան»-ի դռները․ մարզահամալիրի կապարակնքման դեմ ներկայացված բողոքը դատարանը բավարարել է

Ե՞րբ կբացվեն «Օլիմպավան»-ի դռները․ մարզահամալիրի կապարակնքման դեմ ներկայացված բողոքը դատարանը բավարարել է

«Օլիմպավան» մարզահամալիրի կապարակնքման դեմ ներկայացված բողոքը դատարանը բավարարել է. ABC Мedia-ի հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խմբի անդամ Հովիկ Սուքիասյանը։

Սուքիասյանի խոսքով՝ «Օլիմպավան»-ի բոլոր մուտքերը, ինչպես նաև աշխատասենյակներն ու այլ տարածքներ կապարակնքվել են հուլիսի 6-ին կատարված խուզարկությունից հետո։

«Այդ վարութային ակտը բողոքարկել ենք, դատարանը մեր բողոքը բավարարել է, այժմ այդ փուլում ենք»,- ասաց փաստաբանը։

Նրա խոսքով՝ դատարանի որոշումն ուժի մեջ դեռ չի մտել։ Որոշումը բողոքարկելու ժամկետը 10 օր է՝ այն ստանալու պահից։

Փաստաբանը պնդում է, որ խուզարկության ավարտից հետո ամբողջ տարածքը փակ պահելու և մարդկանց այնտեղ մուտք գործելու հնարավորությունից զրկելու իրավական հիմքը բավարար չէ։

«Խուզարկություններ են կատարվել, իսկ խուզարկությունները չեն ենթադրում՝ խուզարկության ավարտից հետո կնքել, փակել և նույն տեսլականով զրկել գործնական իրավունքից։ Նման բան չի նախատեսում օրենքը, սա է մեր փաստարկը»,- ասաց նա։

Հարցին, թե ի՞նչ հիմքով է, ըստ իրեն, իրականացվել կապարակնքումը, Սուքիասյանը նշեց, որ փաստաթղթերում այն հիմնավորվում է վարութային գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ։

«Ըստ ակտերի՝ կապարակնքումը կատարվել է վարութային գործողություններ կատարելու համար, բայց թե ինչ վարութային գործողության մասին է՝ ես չգիտեմ։ Այսինքն՝ իրավական հիմնավորում չկա դրված։ Կարծում եմ, որ դա բավարար հիմնավորում չէ և վերաբերելի հիմնավորում չէ»,- ասաց փաստաբանը։

Սուքիասյանը նաև նշեց, որ դատարանի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո միայն հնարավոր կլինի անցնել դրա կատարման փուլին։

Ե՞րբ են բացվելու «Օլիմպավան»-ի կապարակնքված դռները, ի՞նչ գործողություններ են ընթանում, որոնք չեն կարող շարունակվել, օրինակ, բաց դռների պայմաններում․ Քննչական կոմիտեն հարցում էր պահանջել պատասխանելու համար։ Հարցումն ուղարկել ու 5 օր հետո ստացել ենք հետևյալ պատասխանը․ «Կատարվում են քննչական և վարութային գործողություններ, երբ կավարտվի, կքննարկվի սահմանափակումների հարցը»։

Քննչական կոմիտեն այդպես էլ հստակ չի պատասխանել մեր՝ «ե՞րբ են բացվելու «Օլիմպավան»-ի կապարակնքված դռները» հարցին։

Հիշեցնենք՝ «Օլիմպավան» մարզահամալիրը հուլիսի 6-ից կապարակնքված է։

 

Անի Աբաղյան

Ռազմագերիներ   Ռազմագերիներ