
Ով քվեարկում է Նիկոլի համար, քվեարկում է Ալիևի համար․ Ռոբերտ Քոչարյանը՝ Կոտայքում
Հայաստանը երևի միակ երկիրն է կամ եզակի երկրներից մեկը, որտեղ կառավարությունը ոչ թե լավագույն ստանդարտներին է փորձում ձգտել, այլ հենց ինքը ներդնում է վատագույն ստանդարտները․այսօր Կոտայքի մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
«Տեսնում ենք մարդկանց հետ խոսելու ոճը, մարդկանց հայհոյելը, սպառնալը։ Մի 2-3 օր առաջ վարչապետը սպառնաց, որ սպանելու է ինձ և ևս երկու ընդդիմադիր ուժերի առաջնորդներին։ Հիմա հասկանում եմ, որ այս մարդն ամբողջ կյանքը մի դեղին թերթ է ունեցել, և հիմա փորձում է այդ դեղին թերթի ոճը տարածել քարոզարշավի վրա։ Սա, իհարկե, բերում է նման կարգի երևույթների, բայց մենք հանգիստ պետք է նայենք, մենք պետք է գնանք առաջ, և օր առաջ ազատվենք այն կառավարությունից, որն այսպիսի բարքեր է հաստատում Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Ըստ նրա՝ իրենց հիմնական թեզերից մեկն անվտանգության հարցերն են։
«Մենք ասում ենք, որ անվտանգությունը պետք է լինի երաշխավորված, այն, ինչ անում է այս կառավարությունը, ստեղծում է մի իրավիճակ, երբ Հայաստանի անվտանգությունը պետք է կախված լինի մեկ մարդուց, կոնկրետ Իլհամ Ալիևից։ Եթե համարում ենք, որ Ադրբեջանի նախագահը գիշեր-ցերեկ չի քնում, մտածում է մեր անվտանգության մասին, ապա խստագույնս սխալվում ենք»,- ասաց նա՝ հավելելով․ «Ով քվեարկում է Նիկոլի համար, քվեարկում է Ալիևի համար»։


