
Մեր հայրենիքը մենք էլ ոչ մեկի հետ չենք կիսի, աչքը դրել են մեր վերջին հողերի վրա, պետք է վերջնականապես փակենք Սյունիքի դարպասները․ Նարեկ Կարապետյանը՝ Չարենցավանում
10 օրից տեղի են ունենալու ընտրություններ, որոնք որոշելու են Հայաստանի ապագան: Հայաստանը ջրբաժանի առաջ է՝ գնալու է այժմյա՞ն ուղղությամբ, թե՞ փոխելու է ուղղությունը և գնալու է վերակառուցման ուղղությամբ․ Չարենցավանում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը։
«Հարևան երկրի ղեկավարը 2 ամիս առաջ հայտարարել է, որ ադրբեջանցիները խաղաղության պայմանագրից հետո պետք է վերադառնան Հայաստան։ Ցիտում եմ իրեն՝ «Մենք պետք է վերադառնանք ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով»։ Ադրբեջանի հոգևոր առաջնորդի տեղակալը հայտարարել է, որ «Արևմտյան Ադրբեջանում»՝ այսօրվա Հայաստանի տարածքում, ցիտում եմ, կա 300-400 քանդված մզկիթ, որը պետք է վերականգնվի և հանձնվի Փաշազադեի կառույցին։ Սա ասվել է 60 օր առաջ՝ իրենց ասած խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո»,- ասաց Նարեկ Կարապետյանը։
Ըստ նրա՝ միայն կույրը կարող է չնկատել, թե ինչ են մեր գլխին բերելու։
«Այս իշխանությունն ինչ կար, տվել է արդեն Ադրբեջանին, տվել է Արցախի 5 շրջանը, տվել է Լաչինն ու Քարվաճառը, տվել է ամբողջ Արցախը, տվել է Սյունիքի ճանապարհը։ Խաղաղությունն այլընտրանք չունի, խաղաղություն լինելու է, բայց լինելու է երկու խաղաղություն, ժողովուրդ, մեկը՝ ամուր, մյուսը՝ թույլ։ Թույլ խաղաղությունը Փաշինյանի առաջարկած խաղաղությունն է։ Ի՞նչ է դա լինելու։ Սկզբից գալու է 100 ադրբեջանցի, հետո 300, հետո 500, գեղեցիկ կինոներ են սարքելու, իբր իրար հետ լավ ենք, որ միամիտ հայերին միամտեցնեն, բայց մենք մի բան ենք հիշում՝ ուր ադրբեջանցին մտել է, մենք դուրս ենք եկել այդտեղից։ Ուր ոտքը դրել է, հայը գնացել է այդտեղից, լավ կյանքից չի գնացել»,- ասաց պատգամավորության թեկնածուն։
«Հիմա կասեք՝ մենք ստորագրելու ենք պայմանագիր եվրոպական աջակցությամբ։ Ժողովուրդ, որտե՞ղ էր Ռամիլ Սաֆարովը կացնահարել հայ սպային՝ Գուրգեն Մարգարյանին։ Եվրոպայի կենտրոնում՝ իրենց զորքերի ներկայությամբ մի հայ չեն կարողացել պաշտպանել։ Այստեղ՝ Կովկասի խորքում, մեզ ո՞նց են պաշտպանելու։ Դրա համար մեզ մի բան է պետք։ Առաջարկն է ընդունել օրենք, անունը դրվելու է Հակասաֆարովյան օրենք, որով արգելվելու է Ադրբեջանի քաղաքացիներին Հայաստանում գնել գույք, ընկերությունների միջոցով գնել հող, անգամ՝ նվեր ստանալ որևէ բան։ Մեր հայրենիքը մենք ոչ մեկի հետ էլ չենք կիսի։ Իրենք թող չհամոզեն, զավթել են մեր բոլոր տարածքները, աչքը դրել են մեր վերջին հողերի վրա։ Մենք պետք է վերջնականապես փակենք Սյունիքի դարպասները ներթափանցման առաջ»,- հավելեց Նարեկ Կարապետյանը։


