
Իշխանությունը պարտությունը փորձում է կոծկել իմաստազուրկ «խաղաղությամբ», ինչի միակ երաշխիքը տնտեսական շահերն են․ Բագրատ սրբազան
«Սրբազան պայքար» Telegram-յան ալիքը ներկայացրել է Բագրատ Սրբազանի աշխատության վերջին մասը, ինչից հատված ներկայացնում ենք ստորև․
«Այս իշխանության մյուս և հերթական կեղծիքը և մոլորեցնող թեզը տնտեսական հարաբերությունների` խաղաղության երաշխավոր կամ երաշխիք լինելու խաբեությունն է:
Այսօր ՀՀ քաղաքական իշխանությունը իր պարտությունը և ձախողումը, հարուցած ազգային ողբերգությունը փորձում է կոծկել դատարկախոսության աստիճանը գերազանցած իմաստազուրկ ինչ-որ «խաղաղությամբ», որի միակ երաշխիքը կամ գրավականը տնտեսական հարաբերությունները կամ շահերն են:
Այս անհասկանալի և վտանգավոր գաղափարն իրականացնելու համար, որի իրական նպատակը տնտեսական հարաբերություններից ծնված «խաղաղության» պատրանքը ժողովրդին վաճառելով սեփական իշխանությունը պահելն է, պատրաստ են զոհաբերել ամեն ինչ` Հայրենիք, մարդկային կյանքներ, ժառանգություն, ինքնություն, արժանապատվություն և ընդհուպ սերունդների շահը` մարդուն և հասարակությանը վերածելով անդեմ սպառողի և համարակալված ապրանքի` զուրկ երազներից, տեսիլքներից, սխրանքների իրագործումից և հերոսության բնական կոչումից: Այս վիճակի ճշգրիտ նկարագրությունը և ախտորոշումը արտահայտված է Իմաստության գրքում. «Մեր գոյությունը խաղ համարեց, իսկ մեր կյանքը` շահութաբեր տոնավաճառ, քանի որ, ասում են, որտեղից ուզում է լինի, թեկուզ հենց չարիքից, հարկավոր է բան շահել: Եվ նա բոլորից լավ գիտի, որ ինքը մեղք է գործում…» (Իմաստ. Սողոմոնի 15:12-13):
Տնտեսական հարաբերությունները ո’չ համաշխարհային պատմության մեջ, և ո’չ էլ հոգևոր ընկալմամբ երբեք էլ հիմք չեն ծառայել խաղաղության համար` որպես մնայուն խաղաղության գրավական: Օրինակները բազմաթիվ են թե’ պատմության հոլովույթում, և թե’ ներկա մեր ժամանակներում:
Այդպիսի հարաբերությունները ոչ միայն երաշխիք չեն եղել խաղաղության հաստատման, այլ հակառակը` հնարավոր պատճառ են դարձել ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական հակամարտությունների:
Նույնիսկ անհատների կյանքում, անգամ արյունակիցների միջև գործնական, տնտեսական համագործակցությունը, հիմնականում ավարտվում է հակամարտություններով կամ լավագույն դեպքում` բաժանմամբ` իր բոլոր դառն հետևանքներով:
Սա չի նշանակում, որ տնտեսական կյանքի զարգացումը կամ տնտեսական հարաբերությունները մերժելի են: Բնականաբար ոչ: Տնտեսությունը և տնտեսական առողջությունը էական է և մարդկային կյանքի զարգացման կարևորագույն հիմնասյուներից մեկն է` կոչված ծառայելու ոչ միայն անհատի, այլ հատկապես համընդհանուր բարիքին: Հետևաբար, այն ինքնին նպատակ կամ գերնպատակ չէ և չի կարող լինել, այլ սոսկ միջոց` մարդու արժանապատիվ կյանքի, բարեկեցության և կյանքի որակական բարելավման համար: Այս իմաստով միգուցե այն կարող է ծառայել խաղաղության նպատակին, բայց ոչ երբեք խաղաղության երաշխիք լինել:
Հստակ է, որ տնտեսությունը և նրա զարգացումը չի կարող բացառվել, բացասվել կամ համարվել անիմաստ, սակայն միևնույն ժամանակ, չի կարող պաշտամունք լինել»:
Ամբողջական հրապարակումն՝ այստեղ։


