
ՄԻՊ-ը հետևում է հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանի իրավունքների ապահովմանը
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները դեռևս մայիսի 19-ին այց էին իրականացրել ՀՀ ՆԳՆ ձերբակալվածներին պահելու վայր՝ Արթուր Օսիպյանին տեսակցելու և նրա իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով․ ասված է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հայտարարության մեջ։
Ըստ հայտարարության՝ Արթուր Օսիպյանը հրաժարվել էր առանձնազրույց ունենալ ՄԻՊ ներկայացուցիչների հետ և ներկայացնել իր իրավունքներին առնչվող հարցերը, ուստի առկա չէ նաև անձի համաձայնությունը` նրա անձնական տվյալները քննարկվող հարցին վերաբերելի ծավալով հավաքագրելու առնչությամբ։
«Այս փուլում էլ Օսիպյանի իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի, ներառյալ՝ հացադուլով պայմանավորված նրա իրավունքների ապահովման ուղղությամբ Պաշտպանի մանդատի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ այնպիսի քայլեր, որոնք հնարավոր են անձի համաձայնության բացակայության դեպքում։
Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ համակարգային առումով կալանքին առնչվող պրակտիկան Հայաստանում խնդրահարույց է, այս խափանման միջոցը կիրառվում է չափազանց հաճախ` մի շարք դեպքերում անհասկանալի տրամաբանությամբ:
Պաշտպանը շեշտադրում է, որ կալանքի անհրաժեշտության հարցը, իրավական համապատասխան ընթացակարգերի պահպանմամբ՝ կոնկրետ գործերով պետք է պարբերաբար քննության առարկա դառնա, և բոլոր այն դեպքերում, երբ առկա չեն կամ վերացել են անձին ազատությունից զրկելու իրավական և փաստական հիմքերը, անձը պետք է անհապաղ ազատ արձակվի:
Ինչ վերաբերում է ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին և հացադուլի ընթացքի պատշաճ հսկողությանը, Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս է անդրադարձել արձանագրված խնդիրներին, այդ թվում՝ ՄԻՊ՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի ամենամյա գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցի շրջանակներում։
Նկատի ունենալով, որ հացադուլը կարող է առաջացնել անձի կյանքի և առողջության պահպանման իրավունքներին առնչվող ռիսկեր՝ Մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է իր իրավասությունների շրջանակում հետևել Արթուր Օսիպյանի պահման պայմաններին, առողջական վիճակին վերաբերող երաշխիքների ապահովմանը, ինչպես նաև իրավասու մարմինների կողմից համապատասխան պարտավորությունների կատարմանը։Հրապարակային նոր տեղեկությունների առկայության դեպքում կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն», – նշված է հայտարարության մեջ։


