07 Հնս
2026
17° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինձ բերել են ընտրության, այսինքն՝ ես նույնիսկ հնարավորություն չեմ ունեցել գալ ընտրության. Սամվել Կարապետյան

Ինձ բերել են ընտրության, այսինքն՝ ես նույնիսկ հնարավորություն չեմ ունեցել գալ ընտրության. Սամվել Կարապետյան

Ընտրությունների օրը գործարար, «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը, քվեարկությունից առաջ անդրադառնալով լրագրողների հարցին, որը վերաբերում էր ամիսներ առաջ հրապարակված ձայնագրություններին, որոնցում, ըստ հրապարակումների, լսվում են Ռուսաստանի տարբեր քաղաքներում գործող համայնքային ղեկավարների հետ քննարկումներ, պատասխանեց, որ այդ պնդումները չի ընդունում։

«Դրանք հիմարություններ են, դուք դա ո՞նց եք պատկերացնում։ Տասնյակ հազարավոր մարդիկ գալիս են»,- ասաց նա։

Անդրադառնալով ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ մեղադրանքներին՝ Կարապետյանը հերքեց դրանք՝ նշելով. «Իհարկե չենք բաժանել։ Իհարկե, եթե բաժանած լինեինք, հիմա ինձ էլ նորից կալանավորած կլինեին»։

Լրագրողների հարցին, թե ի՞նչ սցենար է տեսնում Նիկոլ Փաշինյանի քաղաքական հաղթանակի դեպքում, գործարարը պատասխանեց, որ վերջնական որոշումը պատկանում է ժողովրդին. «Այսօր ընտրություններ են, այսօր ժողովուրդը խոսք է ասում։ Ժողովուրդն ինչ կորոշի, այդպես էլ կլինի»։

Հարցին, թե ինչպիսի հայրենիքի համար է քվեարկում, Կարապետյանը նշեց, որ իր դիրքորոշումների մասին բազմիցս խոսել է, սակայն ընտրությունների օրը չի ցանկանում դրանք մանրամասնել։

«Այսօր մի քիչ վտանգավոր է այդ հարցերին պատասխանել։ Իրենք կարող են դա համարել քարոզչություն, նորից մի 1000 մարդ կձերբակալվի»,- ասաց նա։

Միաժամանակ Կարապետյանը շեշտեց, որ կարևոր է ապահովել ժողովրդի կամքն արտահայտող իշխանություն։

«Շատ կարևոր է ապահովել իսկական լեգիտիմ իշխանություն, որ մենք վերջապես հնարավորություն ունենանք ինքներս որոշելու մեր երկրի ապագան, ոչ թե դրսից որոշեն։ Ես ուրախ կլինեի, որ մեր երկիրը չտանենք նոր ցնցումների, որովհետև ամեն մի ցնցում նորից հետ է գցում երկրի զարգացումը», – նշեց նա։

Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի՝ Կարապետյանը կարող է պատասխանատվության ենթարկվել «300 հազար ադրբեջանցիների» թեման քաղաքական օրակարգ բերելու համար, գործարարը պատասխանեց.

«Ես ամեն օր եմ պատասխանատվության ենթարկվում։ Պատկերացրեք՝ անգամ ինձ բերել են ընտրության, այսինքն՝ ես նույնիսկ հնարավորություն չեմ ունեցել գալ ընտրության, ինձ բերել են ընտրության»։

Լրագրողները նաև հետաքրքրվել են ընտրատեղամասում միջազգային լրատվամիջոցների մեծ ներկայության մասին։ Կարապետյանի խոսքով՝ դա վկայում է Հայաստանի նկատմամբ աճող հետաքրքրության մասին։

«Ինձ թվում է՝ դա հետաքրքրություն է Հայաստանի նկատմամբ։ Ես դրա համար ուրախ եմ, որ այսօր Հայաստանն աշխարհի համար դարձել է նորմալ սուբյեկտ, և բոլորը ձգտում են ճիշտ պատկերացնել, թե ինչ է կատարվում Հայաստանում»,-ասաց  նա։

Ի պատասխան ճշտող հարցի, թե արդյոք այդ հետաքրքրությունը պայմանավորվա՞ծ է իր մասնակցությամբ, Կարապետյանը նշեց, որ դա ընդհանուր հետաքրքրություն է Հայաստանի նկատմամբ։

«Ես չգիտեմ՝ ում մասնակցությամբ, ինձ թվում է՝ ընդհանուր է»,- եզրափակեց նա։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026