07 Հնս
2026
17° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լարված վիճակ և խախտումների մասին պնդումներ՝ Նոր Կեսարիայի 15/42 ընտրատեղամասում

Լարված վիճակ և խախտումների մասին պնդումներ՝ Նոր Կեսարիայի 15/42 ընտրատեղամասում

Նոր Կեսարիայի 15/42 ընտրատեղամասում ժամը 13:05-ի դրությամբ 263 քաղաքացի է ընտրել։

ABC Media-ի թղթակցին վիճաբանության, ընտրախախտումների մասին պնդումներ են փոխանցվել։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի վստահված անձը բարձրաձայնել է, որ քվեաթերթիկի վրա թանաք է թափվել, փոխեն։ Խոսակցությանը խառնվել են ՔՊ կուսակցության վստահված անձինք, անկախ դիտորդը։ Սկսվել է վեճ, գոռգոռացել են, փոխադարձ վիրավորանքներ ու մեղադրանքներ հնչեցրել։

Վեճը դադարել է, որից հետո նույն ընտրատեղամասում եղել է բաց քվեարկություն, ուղղորդել են՝ ում ընտրել։

Բացի այդ՝ ընտրատեղամասի դռնից դեպի ձախ հավաքված են եղել ՔՊ-ականներ, ընտրատեղամասից դուրս եկած քաղաքացիները մոտեցել են նրանց, ասել՝ «պարտքս կատարել եմ» և հեռացել։

Այդ ընտրատեղամասին կից երկաթե ցանկապատին ժամեր շարունակ երկու տղամարդ է նստած եղել, նրանք հետևել են՝ ով եկավ ընտրատեղամաս, ով գնաց։ Նրանցից մեկին ABC Media-ի թղթակիցը հարցրել է՝ ինչո՞ւ ժամեր շարունակ նստած է այնտեղ, ո՞ւմ է սպասում։ Պատասխանել է «Հով տեղ է, նստած եմ»։

Այդ հով տեղն ընտրատեղամասի դռան հարակից հատվածն էր։ Մեր թղթակցի հարցերից խուսափելով՝ նստածներից մի քանիսն անցել են շենքի ետնամաս, մեկը՝ դիմացի հատված։

Ի դեպ, ABC Media-ն ֆիքսել է նաև, որ նրանց հետ պարբերաբար կապի մեջ է եղել ՔՊ վստահված անձը։

Մի հետաքրքիր փաստ ևս. երբ ուղիղ եթերում մեր թղթակիցն աշխատելիս է եղել ներսում, ՔՊ վստահված անձին են մոտեցել գյուղացիներ՝ ձեռքը մեկնած բարևելու ակնկալիքով։ Նա հրաժարվել է՝ ասելով՝ «մի՛ մոտեցեք, չի կարելի»։ Բայց երբ մեր թղթակիցը դուրս է եկել ընտրատեղամասից ու վերադարձել, տեսել է ընտրողներին՝ ինչպես են գրկում։

Մեր նկարահանող խումբը 1 ժամից ավելի ուղիղ եթերով աշխատել ու արձանագրել է թվարկվածները։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026