
Կայա Կալլասը պաշտպանել է իր գլխավորած կառույցը՝ ի պատասխան դրա փակման մասին առաջարկների․ Politico
ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը վճռականորեն պաշտպանել է իր գլխավորած կառույցը՝ ի պատասխան դրա փակման մասին առաջարկների․ գրում է Politico-ն։
Ավելի վաղ The Financial Times-ը հաղորդել էր, որ ԵՄ-ն քննարկում է Կալլասի գլխավորած դիվանագիտական ծառայության արմատական բարեփոխումն արտաքին քաղաքականության անհաջողություններից հետո։ Մասնավորապես, առաջարկվում է սահմանափակել կառույցի ինքնավարությունը և եվրոպական դիվանագիտական ծառայության լիազորությունները փոխանցել երկրների արտաքին գործերի նախարարություններին։
Այս հրապարակումից հետո Կալլասը նամակ է հղել Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության մոտ 5000 աշխատակիցների։ Միևնույն ժամանակ՝ Կալլասը ողջունել է բարեփոխումների վերաբերյալ քննարկումը և նշել, որ բարեփոխումների գաղափարները կքննարկի ԵՄ արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։
Կալլասը նաև ընդգծել է, որ ԵՄ ինստիտուտների դերն ու պարտականությունները հստակ սահմանված են միջազգային պայմանագրերում։


