
Մենք հակաահաբեկիչներ ենք, և թիվ մեկ ահաբեկիչը, ի վերջո, պիտի ստանա իր արժանի պատիժը․ Բագրատ սրբազան
Ոչ թե մենք ենք ահաբեկիչ, այլ այս իշխանություններն են ահաբեկված։ Մենք հակաահաբեկչական գործողություններ ենք կատարել, որովհետև երկրի թիվ մեկ ահաբեկիչը մինչև այսօր սպառնում է մարդկանց բոլոր առումներով, ընդ որում՝ նաև երեկ չէ առաջին օրը սպառնալով նաև մեր ընտրական իրավունքին և ասելով, թե 500 հազար հոգի կաշառքով գնացել ընտրել են սրան-նրան․ այսօր հերթական դատական նիստի ժամանակ ասաց տնային կալանքի տակ գտնվող Բագրատ սրբազանը։
«Հիմա նա կարո՞ղ է այդ ահաբեկչությունն անելով, ես համարում եմ մարդկանց վախեցնելն ահաբեկչություն, ասել՝ այստեղ նստածներից որևէ մեկն ո՞ւմ է կաշառքով ընտրել։ Չի՛ կարող, դրա համար պետք է իրեն դատի տալ»,- ասաց նա՝ դիմելով դատարանին։
Սրբազանը նշեց, որ ոչ մեկից ոչ խնդրելիք ունի, ոչ պահանջելիք․ «Ուզում եք ինձ հետ ուղարկեք ԱԱԾ, թեկուզ Խոր Վիրապ, խնդիր չկա, ինձ ոչ մի բան չի պատահելու, հավատացեք։ Բոլորս էլ գիտենք՝ ով ինչ դերակատարություն ունի, սցենարը պարզ է։ Ի՞նչ եմ ուզում ասել, մենք այո՛, հակաահաբեկիչներ ենք, հակաահաբեկչական գործողություն իրականացնող, և թիվ մեկ ահաբեկիչը, ի վերջո, պիտի ստանա իր արժանի պատիժը»։
Ի դեպ, դատարանը Սրբազանի խափանման միջոց տնային կալանքը որոշեց երկարաձգել ևս 3 ամսով։


