26 Հնս
2026
22° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շատերը գիշերը փողոցում են անցկացրել». Վենեսուելայի հայ համայնքի հոգևոր առաջնորդը՝ երկրաշարժից հետո ստեղծված իրավիճակի մասին

Շատերը գիշերը փողոցում են անցկացրել». Վենեսուելայի հայ համայնքի հոգևոր առաջնորդը՝ երկրաշարժից հետո ստեղծված իրավիճակի մասին

Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո հայկական համայնքում զոհեր և վիրավորներ չկան, սակայն բազմաթիվ ընտանիքներ և գործարարներ նյութական վնասներ են կրել։ Այս մասին ABC media-ի հետ զրույցում հայտնել է Վենեսուելայի հայ համայնքի հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Պետրոս եպիսկոպոս Մանուելյանը: Նրա խոսքով՝ երկրաշարժը մեծ վնասներ է հասցրել հատկապես մայրաքաղաք Կարակասին և հարակից շրջաններին, այդ թվում՝ Մարակայ և Վալենսիա քաղաքներին։

«Բարեբախտաբար հայ զոհ չունենք, սակայն շատ հայեր նյութական վնասներ ունեն՝ թե իրենց աշխատավայրերում, թե իրենց բնակարաններում։ Երկրի իշխանություններն արդեն արտակարգ իրավիճակ են հայտարարել, և բոլորս հետևում ենք նրանց ցուցումներին»,- ասել է Մանուելյանը։

Նա նշել է, որ երկրաշարժից հետո տարբեր վայրերում ստեղծվել են օգնության կետեր, իսկ մի շարք երկրներ արդեն մարդասիրական աջակցություն են ուղարկում Վենեսուելա։ Օգնության հավաք է կազմակերպվել նաև հայկական համայնքի ներսում։

«Համայնքի անունից օգնության կոչ ենք տարածել, որպեսզի ցանկացողները կարողանան անհրաժեշտ իրեր տրամադրել, որոնք կհավաքագրվեն և կբաժանվեն կարիքավորներին»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ զոհերի ընդհանուր թվի վերաբերյալ հստակ տվյալներ դեռ հնարավոր չէ ներկայացնել, քանի որ տեղեկատվությունը շարունակաբար թարմացվում է։

«Թվերի հետ կապված չենք կարող որևէ բան ասել, որովհետև վայրկյան առ վայրկյան դրանք փոխվում են։ Սակայն ընդհանուր իրավիճակը բավականին ծանր է, քանի որ երկրաշարժը շատ ուժեղ էր և տևել է մոտ 42 վայրկյան»,- նշել է թեմի առաջնորդը։

Նա հայտնել է, որ տները կորցրած կամ ժամանակավորապես անապահով բնակավայրերում գտնվող մարդիկ հիմնականում ապաստանել են հարազատների և բարեկամների տներում։ Շատերը երկրաշարժից հետո առաջին գիշերն անցկացրել են փողոցում՝ կրկնակի ցնցումների վախի պատճառով։

«Մի քանի ժամ առաջ ևս նոր ցնցում զգացինք։ Հավանական է, որ փոքր հետցնցումները շարունակվեն, և իշխանությունները հորդորում են չվերադառնալ այն շենքեր, որոնց անվտանգությունը լիարժեք գնահատված չէ»,- ասել է Մանուելյանը։

Նրա գնահատմամբ՝ երկրում դեռ պահպանվում են խուճապային տրամադրությունները, թեև իրավիճակը աստիճանաբար կայունանում է։

«Խուճապը մարդկանց մոտ կա, բայց կարծում եմ՝ ժամանակի ընթացքում այն կթեթևանա։ Այս պահին արդեն շատերն իրենց համար ավելի ապահով վայրեր են գտել՝ տեղափոխվելով հարազատների կամ բարեկամների մոտ»,- եզրափակել է նա։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026