
Ռուսաստանցիների 60%-ը հայտնել է տնտեսական վիճակի վատթարացման մասին, ինչը 20 տարվա ամենաբարձր ցուցանիշն է. Gallup
Ռուսաստանցիների 60%-ը կարծում է, որ իրենց քաղաքում կամ տարածաշրջանում տնտեսական իրավիճակը վատթարանում է։ Սա հետևում է Gallup ամերիկյան հետազոտական ընկերության կողմից 2026 թվականի մարտից մինչև մայիս անցկացված հարցման արդյունքներից։
Սա ամենաբարձր ցուցանիշն է վերջին 20 տարվա ընթացքում (ընկերությունը նմանատիպ հարցումներ է անցկացնում 2006 թվականից)։ Նախորդ ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են 2020 թվականին (45%) և 2021 թվականին (50%)՝ կորոնավիրուսային համավարակի ժամանակ։
2026 թվականի հարցման համաձայն՝ իրենց քաղաքում կամ տարածաշրջանում տնտեսական իրավիճակի բարելավում է նկատել հարցվածների 27%-ը։
Ռուսաստանցիների 56% տոկոսը նշել է, որ իրենց կենսամակարդակը վատթարանում է, ինչը նույնպես 20 տարվա ամենաբարձր ցուցանիշն է։ Հարցվածների 29%-ը հայտնել է բարելավման մասին։
Աշխատաշուկայի վերաբերյալ ռուսների կարծիքը նույնպես վատթարացել է. հարցվածների 58%-ը նշել է, որ հիմա վատ ժամանակ է աշխատանք փնտրելու համար, մինչդեռ 35%-ը կարծում է, որ ժամանակը բարենպաստ է։ Մեկ տարի առաջ այս ցուցանիշները համապատասխանաբար կազմում էին 46% և 49%։
Gallup-ը նաև նշում է ռուսների վստահության ռեկորդային անկում զինված ուժերի, կառավարության և ընտրությունների նկատմամբ՝ նախորդ տարվա համեմատ:
Զինվորականների նկատմամբ վստահությունը 79%-ից նվազել է մինչև 66%, կառավարության նկատմամբ՝ 67%-ից մինչև 53%, իսկ ընտրությունների արդարության նկատմամբ՝ 56%-ից մինչև 40%:
Երկրում լրատվամիջոցների ազատության դրական գնահատականները տարվա ընթացքում կտրուկ նվազել են՝ 59%-ից մինչև 34%:
Ռուսաստանի սոցիոլոգիական գործակալությունները սկսել են գրանցել նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշի անկում 2026 թվականի գարնանը: Հունիսի վերջին հրապարակված հարցման արդյունքները ցույց տվեցին, որ ռուսների վստահությունը նախագահ Պուտինի նկատմամբ նվազել է մինչև 69%՝ ամենացածր մակարդակն Ուկրաինայի հետ պատերազմից ի վեր:


