
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Է.Մ.-ն հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, կոչումով՝ գնդապետ, չունենալով պետական գաղտնիք պարունակող համապատասխան տեղեկությանը ծանոթանալու իրավունք, ՀՀ ՊՆ N զորամասի գաղտնիության ռեժիմի գծով սպա, պետական գաղտնիք պարունակող տեղեկությանը ծանոթանալու իրավունք ունեցող Ռ.Ջ.-ին դրդել է հրապարակել պետական գաղտնիք պարունակող տեղեկություն, այնուհետև՝ հրապարակել է իր կողմից ապօրինի եղանակով ձեռք բերված՝ հիշյալ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունը․ հայտնում է ՔԿ-ն։
Է.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 426-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ ապօրինի ձեռք բերած անձի կողմից դրանք հրապարակելը) և 46-427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելուն դրդելը), իսկ Ռ.Ջ.-ի նկատմամբ՝ 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Է.Մ.-ն և Ռ.Ջ.-ն ձերբակալվել են, նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:
Նախաքննությունը շարունակվում է:


