
Թաիլանդում 11-ամյա տղան հոր պիկապով մխրճվել է վանականների շարքը՝ դառնալով 9 մարդու մահվան պատճառ
Թաիլանդի Մուկդահան նահանգի Մուանգ շրջանում առավոտյան ուխտագնացության ժամանակ 11-ամյա տղայի վարած պիկապը մխրճվել է ուխտագնացություն կատարող բուդդիստ վանականների մեջ։ Նրանցից 9-ը մահացել են, ևս 13 մարդ վիրավորվել է․ հայտնում է Bangkok Post-ը։
Տեղեկության համաձայն՝ 5 վանական մահացել է դեպքի վայրում, իսկ 4-ը՝ Մուկդահանի հիվանդանոցում։
Նշվում է, որ երեխան առանց թույլտվության վերցրել է հոր մեքենան և Դոն Տանից մեքենայով գնացել մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մուանգ շրջան։
Տղայի մայրը հայտնել է, որ անմիջապես զանգահարել է ոստիկանություն՝ իմանալով, որ որդին է վերցրել մեքենան, սակայն ոստիկանները չեն կարողացել կանգնեցնել այն վթարից առաջ։
Ըստ տեղեկությունների՝ մեքենան կորցրել է կառավարումը և մխրճվել վանականների խմբի մեջ՝ վրաերթի ենթարկելով նրանցից շատերին։
Տղային տեղափոխել են Մուանգ շրջանի ոստիկանական բաժանմունք, սակայն ոստիկանները չեն կարողացել հարցաքննել նրան, քանի որ նա շարունակում է շոկի մեջ մնալ։


