03 Հուլ
2026
30° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երևանը պետք է գիտակցի, որ ԵՄ «թակարդում» պանիրն անվճար չի լինի․ ՌԴ պաշտոնյաներ

Երևանը պետք է գիտակցի, որ ԵՄ «թակարդում» պանիրն անվճար չի լինի․ ՌԴ պաշտոնյաներ

Ոչ միայն Ռուսաստանը, այլև Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մյուս անդամ երկրները՝ Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը, կարծում են, որ Հայաստանի՝ Եվրամիության հետ մերձեցման ուղղությունը լուրջ տնտեսական ռիսկեր է ստեղծում միության համար․ ТАСС-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Նրա խոսքով՝ այս երկու ինտեգրացիոն միավորումները սկզբունքորեն անհամատեղելի են։

«Եվրասիական տնտեսական միությունն արմատապես, սկզբունքորեն և ամբողջությամբ տարբերվում է Եվրամիությունից իր կարգավորող և օրենսդրական շրջանակով։ Հետևաբար՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացի սկիզբն այն երկրի համար, որը մնում է ԵԱՏՄ անդամ, ինքնին անընդունելի է Ռուսաստանի համար», – հավելել է փոխնախարարը։

Գալուզինը նշել է, որ Հայաստանից Ռուսաստան և ԵԱՏՄ այլ երկրներ արտահանման, այդ թվում՝ գյուղատնտեսական արտադրանքի մասնաբաժինը տասնյակ տոկոսներով է, իսկ որոշ ապրանքների համար՝ մոտենում է 90-100%-ի։ Նա կարծում է, որ Հայաստանի ղեկավարությունը պետք է «բացատրի երկրի բնակչությանը, թե ինչ առավելություններ կկորցնի Եվրամիությանն անդամակցելու դեպքում»։

Դիվանագետը նաև ընդգծել է, որ Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանը կանցկացնի հանրաքվե, որի ընթացքում քաղաքացիները կկարողանան քվեարկել ԵՄ անդամակցության հեռանկարի վերաբերյալ։

Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ «եվրոպական թակարդում» անվճար պանիր չի լինի։

Խորհրդարանականի խոսքով՝ առևտրային նախապատվությունները երկրում հակառուսական պլացդարմ ստեղծելու ուկրաինական փորձի իրականացման ապագա գինն են։ Նա հավելել է, որ նման քայլի բացասական հետևանքներն առաջին հերթին կզգա հայ ժողովուրդը։

«Եվ «երկու աթոռին նստելը» չի աշխատի»,- ասել է Սլուցկին։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026