03 Հուլ
2026
33° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ նախագահը՝ խորամանկ բիզնեսմեն․ Թրամփը տեխնոհսկաների բաժնետոմսեր է գնել՝ ֆոնդային շուկայում իր իսկ ստեղծած անկման ժամանակ  

ԱՄՆ նախագահը՝ խորամանկ բիզնեսմեն․ Թրամփը տեխնոհսկաների բաժնետոմսեր է գնել՝ ֆոնդային շուկայում իր իսկ ստեղծած անկման ժամանակ  

2025 թվականի ապրիլի սկզբին, երբ ներդրողներն ու բիզնեսները մտահոգված էին համաշխարհային առևտրի և տնտեսության ապագայով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զբաղված էր բաժնետոմսեր գնելով։

Նրա որդեգրած քաղաքականության հետևանքով ֆոնդային շուկայում սկսված անկումը դրդել էր ներդրողներին վաճառել իրենց բաժնետոմսերը, իսկ նա, օգտվելով առիթից, ցածր գներով բաժնետոմսեր էր գնում․ գրում է CNBC-ն։

Ըստ լրատվական գործակալության՝ ԱՄՆ նախագահի 2025 թվականի տարեկան ֆինանսական հայտարարագրի վերլուծության, որը ներառում է գործարքները, եկամուտներն ու պարտավորությունները՝ 2025 թվականի ապրիլի 8-ին Թրամփը կատարել է բաժնետոմսերի գնման 327 գործարք։

Նշվում է, որ ԱՄՆ նախագահը մեծ քանակությամբ բաժնետոմսեր է գնել ֆոնդային շուկայի քառօրյա կտրուկ անկման ավարտին։ Այդ անկումը սկսվել էր այն բանից հետո, երբ նա հայտարարեց լայնածավալ և բարձր մաքսատուրքեր սահմանելու իր մտադրության մասին։

Վերլուծության համաձայն՝ Թրամփը հիմնականում ներդրումներ է կատարել խոշոր տեխնոլոգիական ընկերություններում, օրինակ՝ ապրիլի 8-ին նա Apple-ից, Alphabet-ից, Amazon-ից, Microsoft-ից և Nvidia-ից գնել է 100.001-250.000 ԱՄՆ դոլար արժողությամբ բաժնետոմսեր։

Նշվում է, որ ապրիլյան բաժնետոմսային գործարքները 927 էջանոց հայտարարագրի միայն մի մասն են: Հայտարարագրի համաձայն՝ 2025 թվականին ԱՄՆ նախագահը ստացել է 2.24 միլիարդ դոլարի եկամուտ, այդ թվում՝ հարյուրավոր միլիոնավոր դոլարներ կրիպտոարժույթներից, ավելի քան 290 միլիոն դոլար՝ իրեն պատկանող գոլֆի ակումբից և հանգստավայրերից, ինչպես նաև ավելի քան 86 միլիոն դոլար՝ դատական գործերի կարգավորումներից։

Թրամփը շարունակում է նաև եկամուտ ստանալ իր բրենդային ապրանքներից և ընդունել բազմաթիվ նվերներ, օրինակ՝ սպորտային միջոցառումների տոմսեր։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026