06 Հուլ
2026
28° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Երևան այցի հիմնական արդյունքն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան լավատեսություն․ EADaily

Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Երևան այցի հիմնական արդյունքն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան լավատեսություն․ EADaily

Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Երևան ուղեկցվել է եվրոպական դիվանագիտությանը բնորոշ ամպագոռգոռ խոստումների շարքով՝ ֆինանսական օգնություն, եվրոպական շուկա, էներգետիկայի դիվերսիֆիկացում, վիզայի ազատականացում, արտահանողներին աջակցություն։ Ամեն ինչ հնչում էր այնպես, կարծես Հայաստանին առաջարկվում էր տոմս դեպի նոր տնտեսական իրականություն։ Սակայն, եթե մի կողմ դրվի քաղաքական անտուրաժը, առաջանում է գլխավոր հարցը․ ի՞նչ ստացավ Հայաստանը․ գրում է EADaily-ն։

Ո՛չ մեծածավալ ներդրումներ, ո՛չ նոր տրանսպորտային միջանցքներ, ո՛չ անվտանգության երաշխիքներ, ո՛չ երկարաժամկետ էներգետիկ նախագծեր, ո՛չ համաձայնագրեր, որոնք հիմնարար կերպով կփոխեին Հայաստանի տնտեսության վիճակը։ Հայաստանը ստացավ խոստումների ևս մեկ փաթեթ։ Եվրոպական հայտարարությունների կենտրոնական գաղափարը պարզ է. եթե ռուսական շուկան դառնա քիչ հասանելի, եվրոպականը կարող է փոխարինել այն։ Սակայն նման հայտարարություններն ավելի շատ քաղաքական կարգախոսի են նման, քան տնտեսական ռազմավարության։

Ինչպես նկատում է կայքը, եվրոպական շուկան բաց դուռ չէ. այն աշխարհի ամենափակ և մրցակցային շուկաներից մեկն է։ Մուտք գործելու համար հայ արտադրողներին անհրաժեշտ է ոչ միայն որոշ մաքսատուրքերի վերացում։ Անհրաժեշտ է անցնել թանկարժեք հավաստագրում, բավարարել խիստ պահանջներ, մրցակցել խոշոր եվրոպական արտադրողների հետ, լուծել լոգիստիկայի հետ կապված խնդիրներ և ապահովել մատակարարման կայուն ծավալներ։

Միևնույն ժամանակ՝ աշխարհագրությունը ևս կարևոր գործոն է։ Հայաստանը սահման չունի Եվրամիության հետ։ Ցանկացած մատակարարում անցնում է երրորդ երկրների միջով, ինչն այն դարձնում է ավելի թանկ և պակաս մրցունակ։

Շատ վերլուծաբաններ այս հետաքրքրվածությունը կապում են ԵՄ-ի ցանկության հետ՝ ընդլայնելու իր ազդեցությունը տարածաշրջանում՝ Ռուսաստանի հետ շարունակվող աշխարհաքաղաքական մրցակցության պայմաններում։ Սա գուցե բխում է Բրյուսելի շահերից, բայց արդյոք դա ավտոմատ կերպով ծառայո՞ւմ է Հայաստանի շահերին։ Հենց սա է պատճառը, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցի հիմնական արդյունքն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան լավատեսություն։ Մինչ օրս պատասխանների փոխարեն Հայաստանը ստացել է քաղաքական հայտարարություններ և համեմատաբար համեստ ֆինանսական օգնություն: Եվրոպական ապագա խոստանալը թանկ բան չէ, այն ֆինանսավորելը՝ շատ ավելի դժվար։

 

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026