
Մեզ մնում է չընդունել այս վարչախմբի լեգիտիմությունը, համարել այն օտարի կողմից պարտադրված օկուպացիոն վարչակարգ․ Ավետիք Չալաբյանը ուղերձ է փոխանցել ՔԿՀ-ից
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը ուղերձ է փոխանցել ՔԿՀ-ից՝ կոչ անելով ընդդիմադիր ուժերին չընդունել գործող իշխանության լեգիտիմությունը։
«Սիրելի՛ բարեկամներ,
գործող թրքամետ վարչախումբը, Սահմանադրական դատարանի միջոցով պարտադրելով հուլիսի 4-ի խայտառակ, իր ողջ էությամբ հակասահմանադրական որոշումը, փաստացի մարտահրավեր նետեց մեր ժողովրդի մեծամասնությանը, որը համատարած սպառնալիքների և բռնաճնշումների պայմաններում դեմ քվեարկեց վարչախմբին:
Այն, սակայն, լկտիաբար յուրացրեց մեր ժողովրդի ձայնը՝ գործի դնելով մանդատագողության հնարավոր և անհնարին բոլոր գործիքները:
Ի՞նչ է մնում մեզ՝ ժողովրդի մեծամասնությանը ներկայացնող ուժերին: Չընդունել այս վարչախմբի լեգիտիմությունը, համարել այն օտարի կողմից պարտադրված օկուպացիոն վարչակարգ, և բոլոր հնարավոր խաղաղ միջոցներով ձախողել մեր երկիրը թուրք-ադրբեջանական գերիշխանության տակ դնելու՝ նրա հետագա փորձերը:
Ի տարբերություն նախորդ տարիների` նույնիսկ զավթելով Ազգային ժողովը՝ այս վարչախումբն այլևս չունի ժողովրդի աջակցությունը, և իր յուրաքանչյուր հաջորդ հակահայկական և հակապետական քայլ բախվելու է աճող դիմադրության: Մենք դա կտեսնենք արդեն մոտակա ամիսներին, մինչ այդ պետք է դասեր քաղենք տեղի ունեցածից և ամրացնենք մեր շարքերը` հաջորդ իսկ հնարավորությունից հաղթանակած դուրս գալու համար:
Աստված բոլորիս զորավիգ»:

